Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի հետ:
– Մաեստրո, 20 տարի (1993-2013թթ.) թատրոնի գլխավոր խմբավարն էիք: Վերջերս դարձյալ ստանձնեցիք այդ պաշտոնը: Ինչո՞վ էիք զբաղված մինչ այդ:
– Ճանաչված դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի՝ Երեւանի օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո թատրոնում կատարված որոշ կադրային փոփոխությունների արդյունքում, բնականաբար, մաեստրոյի հրավերով եկել եմ ու ստանձնել նախկին աշխատանքս: Շուրջ 3 տարի աշխատում էի երեք ուղղություններով՝ ղեկավարելով Երեւանի պետական համալսարանի երգչախումբն ու նվագախումբը, հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու երգչախմբերը: Ժամանակ առ ժամանակ հրավերներ եմ ստացել արտասահմանից: Իտալիայում, Դանիայում, Սինգապուրում իրականացրել եմ ձայնագրություններ եւ ելույթներ ունեցել տեղի երգչախմբերի հետ՝ ներկայացնելով ոչ միայն համաշխարհային երգչախմբային արվեստի հայտնի ստեղծագործություններ, այլեւ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի երկերից:
– Թատրոնից բացակայելու տարիներին Ձեզ երբեք չենք հանդիպել գոնե կայացած պրեմիերաներին: Գուցե թատրոնի աշխատանքներին հետեւում էիք հեռվի՞ց…
– Արդեն ասացի, որ իսկապես զբաղվածությունս շատ էր: Իսկ ավելի անկեղծ՝ պարզապես ցանկություն չեմ ունեցել հաճախելու թատրոն…
– Վերադարձից հետո ինչպե՞ս «գտաք» Ձեր երգչախումբը, կամ՝ ներկայումս ի՞նչ վիճակում է կոլեկտիվը:
– Երգչախմբի հիմնական կորիզը պահպանվել է, չնայած կան ցավալի կորուստներ՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ստեղծագործական առումներով:
– Ի՞նչ է հարկավոր, Ձեր խոսքերով՝ ցավալի կորուստները վերականգնելու համար:
– Պետք է դիմեմ հնարավոր եւ անհնար բոլոր միջոցների, որպեսզի երգչախմբում լինի պատշաճ մակարդակ՝ առայժմ ստեղծագործական եւ կազմակերպչական մասով: Նշեմ, որ այս հարցում ինձ մեծապես օգնում է երգչախմբի վարիչը՝ Մինաս Խաչատրյանը: Ես լավատես եմ եւ վստահ եմ, որ ամեն ինչ կարգի գցելու համար ինձնից երկար ժամանակ չի պահանջվի, քանի որ թատրոնում՝ սկսած պահակակետից մինչեւ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, հարգանքով ու հույսով են իմ նկատմամբ, ավելին՝ վստահ են, որ աշխատանքս կլինի արդյունավետ: Դա ինձ ոգեւորում է ու պարտավորեցնում:
– Վերադառնալով երգչախմբի ցավալի կորուստներին՝ չե՞ք կարծում, որ դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է, օրինակ, մրցույթ հայտարարել:
– Նախատեսված է սեպտեմբերին անցկացնել ատեստացիա, ինչի արդյունքներն ամփոփելուց հետո, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի մրցույթ: Կփորձենք երգչախումբը համալրել երիտասարդ ձայներով…
– Վարչապետն իր նշանակման առաջին իսկ օրվանից հորդորում է երիտասարդացնել բոլոր ոլորտները, ինչը ենթադրում է «ազատվել» թոշակառուներից:
– Օպերային թատրոնը խիստ յուրահատուկ մշակութային հիմնարկություն է: Այո, երգչախմբում ունենք սահմանափակ թվով թոշակային տարիքի արտիստներ: Բայց այսպիսի մի հումոր կա. օպերային թատրոնում պետք է աշխատել առնվազն 5 տարի, որ արտիստը հասկանա, թե դեռ ոչինչ չի հասկացել: Կրկնում եմ՝ սա կատակ է, բայց բացարձակ ճշմարտություն: Սերնդափոխությունը անհրաժեշտ է բոլոր ոլորտներում: Բայց մեր թատրոնում դա պետք է անել զգուշությամբ:
– Ժամանակին Օրբելյանը մեզ հետ զրույցում նշել էր խաղացանկային ներկայացումները վերանայելու մասին…
– Եկեք ժամանակից առաջ չվազենք: Միայն կարող եմ հավաստիացնել, որ Օրբելյանի ծրագրերը խիստ հետաքրքիր են եւ լայնածավալ: Գուցե այդ մասին խոսենք մեկ ուրիշ անգամ…
– Իսկ ներկայումս ի՞նչ նոր ստեղծագործությունների վրա է աշխատում երգչախումբը:
– Նախատեսված է վերականգնել Դոնիցետիի «Պողիկտոսը», որը ժամանակին իրականացրել էր Տիգրան Լեւոնյանը, եւ հայաստանյան իրականությունում առաջին անգամ բեմականացնել Վերդիի Ռեքվիեմը: Հանդիսատեսի դատին ներկայացումները կհանձնվեն աշնանը:
– Մշակույթի ոլորտի Ձեր որոշ գործընկերներ զբաղեցնելով որեւէ պաշտոն՝ այն միաժամանակ զուգահեռում են 3-4 աշխատանքի հետ: Վերադառնալով թատրոն՝ Դուք թողնելո՞ւ եք ձեր 3 աշխատանքները:
– Ամենայն հավանականությամբ՝ այո, քանի որ թատրոնի աշխատանքը պահանջում է ամբողջությամբ նվիրում:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
09.07.2017