Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ երեխա են ունեցել, հետո որպես շնորհակալություն՝ խաչքարեր են տեղադրել». (Ֆոտոշարք)

Օգոստոս 10,2017 13:00

Լոռիում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի երկնային ուժը

Մեծ Պարնի համայնքի բնակիչ Տիգրան Նազարյանին հանդիպեցի Սուրբ Հովհաննես մատուռում: Ասում է՝ մատուռ վերջին անգամ 15 տարի առաջ էր եկել: Այս տարիներին անընդհատ արտագնա աշխատանքի է մեկնել եւ միայն ձմռան ամիսներին է վերադարձել գյուղ: Ձմռանն էլ մատուռ բարձրանալը գրեթե անհնարին է դառնում: Տիգրանն ընտանիքի հետ էր ուխտագնացության եկել: Տղան՝ Նապոլեոնը, մի քանի օր առաջ է վերադարձել ծառայությունից: Եկել էին բարի վերադարձի համար Սուրբ Հովհաննեսին իրենց շնորհակալությունը հայտնելու:

«Տղաս Հորադիսում էր ծառայում: Ողջ ու առողջ տուն է վերադարձել: Իմ ամենամեծ մուրազն այն էր, որ տղայիս ողջ ու առողջ դիմավորեմ: Հիմա եկել ենք Սուրբ Հովհաննեսից մեր շնորհակալությունը հայտնելու: Ես Աստծուց խնդրում եմ, որ մեր ղեկավարներին բարի միտք ու գաղափար տա, աշխարհին խաղաղություն լինի, իսկ հայրենքի պաշտպաններին՝ բարի ծառայություն ու բարի վերադարձ: Հիմա էլ մեծ հավատով ու հույսով ենք եկել այստեղ, որ մեր նպատակները կիրականանան»,- ասում է Տիգրանը:
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Մատուռ հասնելու համար ուխտավորները մոտ 3 կմ ճանապարհ են ոտքով կտրում-անցնում:

13-րդ դարի կեսին հայ եւ եզդի զորավարների նախաձեռնությամբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխվել է Հայաստան, որից հետո էլ կառուցվել է մատուռը. «Երբ Սուրբ Հովհաննեսի աճյունը տեղափոխել են Հայաստան, երազ են տեսել, որ պետք է այստեղ մասունք թաղեն: Հետո բերել են մասունքն այստեղ թաղել: Իրենք այս փոքր խաչն են կառուցել: Հետո իմ քեռին՝ Գեւորգ Ոսկանյանը, այդ խաչի տարածքում 1958 թվականին կառուցել է այս մատուռը»,- պատմում է Սուրբ Հովհաննես մատուռում ծառայող Վելիսոն Սիմոնյանն ու նշում, որ Սուրբ Հովհաննեսն իրեն երազ է եկել, ասել, որ հենց ինքը պետք է մատուռը պահի: Արդեն 27 տարի է, ինչ այստեղ ծառայում է. «Քեռիս էր այստեղ ծառայում: Ինքը որ մահացավ, Սուրբ Հովհաննեսն ինձ 6 անգամ երազ եկավ, որ ես պետք է գամ այստեղ: Բայց ես չէի գալիս: Յոթերորդ անգամ, որ երազ եկավ, ասաց՝ եթե չեկար իմ օջախին տիրություն անես, ուրեմն քեզ վտանգ կպատահի: Դրանից հետո ես եկա այստեղ՝ ծառայելու»:

Վելիսոնն ասում է, որ մատուռ մարդկանց հոսքը չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Վստահեցնում է՝ եթե հավատքով են գալիս, բոլոր երազանքներն ու ցանկություններն անպայման իրականություն են դառնում. «Պետք է մաքուր սրտով գաս: Մարդիկ այս սրբին շատ են հավատում: Իրենց նպատակներն ու երազանքները կատարվել են: Հավատքով գալիս ես, նպատակդ ստանում գնում ես»:

Էդգար Սիմոնյանն ու իր հարազատները Էջմիածին քաղաքից հատուկ նպատակով ու ցանկությամբ էին եկել. «Եղբորս երեխայի համար մատաղ էինք խոստացել: Ծնողս երազ եկավ, որ պետք է այստեղ մատաղ անենք: Ու հենց այդ նպատակով էլ հասել ենք: Այս տեղն իմ մեջ ամեն ինչ փոխեց՝ միտքս, հոգիս, ամեն ինչ: Թող Աստված բոլորի նպատակներն ի կատար անի»:

2157 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում 2005 թվականից տեղադրվեցին նաեւ խաչքարեր: Դրանք եւս հատուկ նշանակություն ունեն. «Առաջին խաչքարը Գագիկ Ծառուկյանն է տեղադրել: Այս խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չեն ունեցել: Մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու որպես շնորհակալություն՝ խաչքարեր տեղադրել»,- ասում է Վելիսոն Սիմոնյանը:

Այժմ մատուռի տարածքում տեղադրված է 225 խաչքար: Վերջինը տեղադրվել է մեկ շաբաթ առաջ:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031