Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնի պետ. «Մենք վերջնական ախտորոշված հիվանդություն չունենք, որ ասենք այս կամ այն հիվանդությունն է »

Օգոստոս 09,2017 22:55

Մի քանի օր է` անդրադարձել ենք Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների մոտ գրանցված հիվանդության դեպքերին: Մեզ հետ զրույցում Դեբեդի եւ Դսեղի համայնքապետերը, գյուղի բնակիչները վստահեցրեցին, որ կենդանիները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ըստ նրանց՝ բոլոր նախանշաններն այդ մասին են վկայում:

Հիշեցնենք, որ հոդվածին երեկ արձագանքել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, նշելով, որ իրենք խնդրի մասին որեւէ գրություն չեն ստացել, ո՛չ գյուղացիներից, ո՛չ էլ համայնքապետարաններից: Հավելելով, որ կենդանիների հիվանդություններն ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիայում դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի արձանագրվել։

Մինչդեռ, Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ իրենք խնդրի մասին տեղեկացրել են ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնին, վերջիններիս կողմից էլ ստացել են հիվանդության բուժման համար համապատասխան ցուցումներ:

ՍԱՊԾ Լոռու մարզային կենտրոնը, պետի գլխավորությամբ այցելել է Դեբեդ եւ Դսեղ գյուղեր: Կամո Սողոյանը Aravot.am-ի զրույցում ասաց, որ իրենք խնդրի մասին երեկ են իմացել՝ լրատվամիջոցներից. «Կոնկրետ դեպքի մասին մեզ չեն դիմել, եթե դիմեին, մենք թաքցնելու բան չունենք: Մենք շահագրգիռ ենք, որ իրականում պատկերացնենք հիվանդությունը, վերջնական ախտորոշում ունենանք, որպեսզի մնացած քայլերը ճիշտ տանենք առաջ: Մենք շահագրգիռ չենք հիվանդությունը թաքցնելու: Եթե տեղյակ են պահել՝ մենք երեկ չէինք գնա, այլ տեղյակ պահած օրը գնացած կլինեինք: Կարող է ուղղակի զանգել են մեր տեսուչներից մեկին, ասել են՝ կենդանին ոտքը կաղում է կամ չգիտեմ ինչ, ի՞նչ կարելի է անել, մեկը խորհուրդ է տվել: Բայց չի նշանակում, որ ահազանգ կա, անհանգստացնող դեպք ունենք եւ չենք զբաղվել դրանով: Ընթացքում էլ, որ կենդանու առողջության հետ խնդիրներ են լինում, մենք միշտ ցուցումներ ենք տալիս»:

Սողոյանի խոսքով, իրենք եղել են նշված վայրերում, սակայն հիվանդության զանգվածային դեպքեր չեն արձանագրել. «Բարձրացել ենք Դեբեդ գյուղին պատկանող արոտավայրերը, որի մասին, որ խոսվում էր, որ հիվանդություն կա: Մենք նկատեցինք, որ կենդանիների մոտ որոշակի խնդիրներ կան: Բայց այդ 70 տոկոս հիվանդ ասվածն այնտեղ չտեսանք: Հիվանդության ախտորոշումը կենդանիների մոտ դրվում է 2 փուլով: Առաջին փուլը, դա անասնաբուժն իր մասնագիտական ունակությունների հիման վրա, կենդանու մոտ կլինիկական նշանները վերլուծելով հիվանդության նախնական ախտորոշում է դնում: Դրանից հետո կենդանուց վերցվում է ախտաբանական նյութ եւ ուղարկվում լաբորատորիա, որպեսզի վերջնական ախտորոշվի: Հիմա մենք վերջնական ախտորոշված հիվանդություն չունենք, որ ասենք՝ այս կամ այն հիվանդությունն է»:

Տեսչության ներկայացուցիչն ասում է, որ նախնական տվյալներով իրենք կասկածում են մոտ 7 տեսակի հիվանդության վրա, քանի որ դրանք բոլորն էլ ունեն գրեթե նույն ախտանշանները: Իսկ վերջնական ախտորոշում ունենալու համար անհրաժեշտ է լաբորատոր ստուգում. «Նախնական միջոցառումներ անում ենք, բոլորին զգուշացվել է, թե ինչ եւ ոնց պետք է անեն: Եվ ասել ենք, որ երեկվանից սկսած հենց ակնհայտ նշաններով հիվանդ կենդանի լինի մեզ տեղեկացնեն, որպեսզի մեկնենք, նմուշառում անենք եւ ախտաբանական նյութ ուղարկենք հանրապետական լաբորատորիա՝ վերջնական ախտորոշման: Եթե կենդանին որոշակի բուժումներ է անցնում, հիվանդության պատկերը շեղվում է, մենք չենք կարող ճիշտ ախտորոշենք: Երեկ այդ հիվանդ կենդանին չկար, որ մենք ախտաբանական նյութ վերցնեինք: Պետք է նոր հիվանդացած կենդանի լինի»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031