Այսօր «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ եւ նրա հիշատակին նվիրված մոմավառություն էր կազմակերպվել նրա շիրմին:
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը եւս մասնակցում էր «Հաց բերողին» նվիրված մոմավառությանը: Մինչ մոմավառությունը Aravot.am-ը պարոն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի Արթուր Սարգսյանի նախկին պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ փաստաբանների պալատում քննվող դիմումի մասին:
Հիշեցնենք, որ «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանը եւ Թեհմինե Ենոքյանը դիմում-բողոք են ներկայացրել Արթուր Սարգսյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի դեմ: Ըստ դիմումի եւ Արուսյակ Հայրապետյանի՝ Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերեւի հիվանդությամբ եւ ըստ կառավարության համապատասխան որոշման, նման հիվանդության դեպքում մարդուն կալանքի մեջ պահելն արգելված է. այս մասին իրենց հայտնի է դարձել կալանավորումից 4 օր հետո, սակայն Արթուր Սարգսյանի փաստաբան Եգորյանն այդ մասին իմանալով՝ բարձրաձայնել է միայն հինգ ամիս անց, եւ ավելի վաղ չի միջնորդել Սարգսյանի կալանքը փոխել։ Խորհրդի անդամները Եգորյանին մեղադրում են իր գործառույթը ոչ պատշաճ իրականացնելու համար:
Եղիշե Պետրոսյանն Aravot.am-ին ասաց. «Ես հիմք չունեմ չվստահելու Արթուրի փաստաբաններին, որովհետեւ Արթուրն ինձ անձամբ մի քանի անգամ պնդել է, որ ինքը շատ վստահում է իր փաստաբաններին: Քանի որ ես էլ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, նա խնդրում էր հանգիստ թողնեն իր փաստաբաններին, ասում էր՝ ինքը ամեն ինչից տեղյակ է, եւ կարգավորում է ամեն ինչ: Ես Արթուրի ասածները կասկածի տակ դնելու հիմք չունեմ»:
Իսկ թե ի՞նչ նպատակ կարող է ունենալ այդ դիմումը, մեր հարցին ի պատասխան Պետրոսյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե դա ինչ գործընթաց է: Արթուրն ինձ հորդորում էր նման վերաբերմունք ես չունենամ իր փաստաբանների հանդեպ, հորդորում էր այնպիսի վերաբերմունք ունենամ, ինչպիսին ինքն ուներ»:
Մանրամասներն՝ տեսանյութում:
Արթուր Սարգսյանի մասին էլ պարոն Պետրոսյանն ասաց. «Արթուրն ինձ համար գթասրտության եւ ինքնազոհության խորհրդանիշ է: Ես որքան ճանաչել եմ, համոզվել եմ, որ ճիշտ կարծիք ունեմ նրա մասին: Ցավում եմ, որ նման մարդը իմ կյանքից բացակայում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ