Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, որն այսօր այցելել էր Գյումրի, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբեմն այնպիսի մեծ ծավալի պատվերներ են ունենում, որ չեն կարողանում արտադրել։ «Չունենք մենք արտադրող, որ այդ ծավալները կարողանա հասցնել այս պահին, դրա համար մենք առանց կանգառ աշխատում ենք ծավալների, հնարավորությունների մեծացման ուղղությամբ»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը՝ մեջբերելով հետաքրքիր մի օրինակ։
«Չինաստանից զանգել էին, ասում էին 500 տոննա օրգանիկ ծիրան ուղարկի, Հայաստանի Հանրապետությունը 320 տոննա է արտադրում, ամբողջ մթերքը օրգանիկ այդքան է։ Այսինքն` դա անտրամաբանական է, Չինաստան առաջին պարտիան լինում է պիլոտային, ասում են ուղարկի, ստուգում են շուկան, տեսնում են կա՞, երկրորդ պատվերը կարող է լինել 5000 տոննա»,-ասաց պարոն Ավակյանը։
Ըստ նրա, հայկական արտադրանքը որակի խնդիր չունի, արտերկրում շատ հարգված է, հատկապես այն գնորդների կողմից, որոնք ճանաչում են մեր ապրանքը։
Այն հարցին, թե ԵՏՄ-ն չի խանգարո՞ւմ մեզ եվրոպական շուկա մտնելու, Արմեն Ավակի Ավակյանն ասաց․«Ո՛չ, մի ակումբի անդամ դառնալը չի նշանակում երկրորդ ակումբին մերժել»։ Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունը ավելի քան 10 հազար ապրանքատեսակների արտահանման արտոնություն ունի Եվրոպա, ուղղակի այս պահին ավելի հասանելի է ռուսական շուկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ