Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երեւան ճանապարհին ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած ու Երեւանի հանրապետական հիվանդանոց տեղափոխված երեխայի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել:
Ավելի ուշ երեխային հանրապետական հիվանդանոցից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը Aravot.am-ին պատմեց, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ. «Երեխան ստացել է գլխուղեղի եւ թոքերի սալջարդ: Դեռ վաղ է ասել, թե ստացած վնասվածքներն ինչ հետեւանք կունենան, որովհետեւ այս պահին վիճակը դեռ շատ ծանր է, պայքարում են կյանքի համար»:
Հիշեցնենք, որ երեխան՝ հոր հետ, վրաերթի էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության նախկին պետի՝ կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանի որդու կողմից: Վերջինս ավտովթարից հետո փախուստի է դիմել, ավելի ուշ կալանավորվել:
Ինչպես հաղորդել էր Գագիկ Շամշյանը՝ վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետը եւ հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը։ Մինչդեռ տղայի երեսին կան վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեքենան վարել է գնդապետի որդին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/https://shamshyan.com