Այսօր Գյումրի էր այցելել Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ։ Նրանք շրջայց կատարեցին Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող «Արշալույս» ու «Լենտեքս» ընկերություններում, հանդիպեցին հիմնադիրների հետ, եղան նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ՝ քննարկելով հետագա ներդրումային ծրագրերի հարցը։
Թե ինչո՞վ է հիմնադրամը աջակցում գործարարներին, լրագրողների հարցին ի պատասխան՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն ու նույն կառույցի հետներդրումային սպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեցին, որ իրենք օգնում են ընկերություններին մեծացնելու արտադրման ծավալները ու արտահանման հնարավորությունները։ Մասնավորապես հիմնադրամն աջակցում է, որ ընկերությունները տարին երկու անգամ մասնակցեն միջազգային էքսպո-ցուցահանդեսների, հանդիպեն դրսի գործընկերների հետ, պայմանագրեր ձեռք բերեն։ Օրինակ՝ «Արշալույս» ընկերությունը Հռոմում տեղի ունեցած հայ-իտալական գործարար համաժողովի ժամանակ իտալացի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ջինսեր արտադրելու Գյումրիում ու այն իրացնելու Իտալիայում։ «Իմիջայլոց, այս պահին ներդրումներ է իրականացնում, որպեսզի մեքենասարքավորումները ձեռք բերի ու սկսի պատվերի իրականացումը»,-ասաց Հայկ Միրզոյանը։
Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ գուլպաներ, զուգագուլպաներ և տրիկոտաժ արտադրող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Լենտեքսը» մասնակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած բոլոր միջազգային ցուցահանդեսներին ու պայմանագրեր ձեռք բերել մոտ 500 միլիոն դրամի։ Այս պահին էլ 170 միլիոն դրամի պայմանագիր ունի, հիմնադրամը նպատակադրվել է կրկնապատկել այն։
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ էլ հիմնադրամի գործադիր տնօրենն ասաց․«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Գյումրի։ Շատ տպավորված եմ, կոնկրետ հրահանգ ունեմ վարչապետի կողմից, որ Գյումրին անպայման ուշադրության կենտրոնում հայտնվի հիմնադրամի կողմից՝ բիզնեսի զարգացման տեսանկյունից բնականաբար։ Կան լավ գործարաններ, կրակ կա, դա ամենակարևոր մասն է իմ համար, իսկ մնացածը՝ մարկետինգ, ֆինանսավորում, հնարավորություններ, մենք պատրաստ ենք օգնելու և կօգնենք։ Օգնեք ինձ, որ օգնեմ ձեզ, այդ մեխանիզմով ենք փորձում բիզնեսմենների հետ խոսել։ Ասեմ, որ շատ տպավորված եմ, էքսպոներին տանում ենք նաև Գյումրիից, և նրանք այնտեղ իրենց լավ են դրսևորում, կարողանում ենք աշխուժության մեջ իրենց գտնել, կարողանում են պայմանագրեր ձեռք բերել, դա ամենաէականն է, մնում է ծավալները հասցնեն, պատվերները շատացնեն»,-ասաց Արմեն Ավակ Ավակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ