Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ հանրամատչելի կերպով

Օգոստոս 09,2017 17:22

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից առաջադրված Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Կորեայի և Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ գործող պատժամիջոցների փաթեթը ընդլայնող հայտնի օրինագիծը: Այդ օրինագծի մի ծավալուն հատված նվիրված է Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումներին՝ ի պատասխան ՌԴ հատուկ ծառայությունների միջամտությանը 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես նաև Ռուսաստանի ունեցած դերակատարմանը ուկրաինական հակամարտությունում:

Առնվազն միջնաժամկետ կտրվածքում այդ սահմանափակումները հանդիսանալու են ՌԴ մակրոտնտեսական իրավիճակը պայմանավորող հիմնական գործոններից մեկը, ուստի անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել, թե ինչպիսի պատժամիջոցներ են սահմանվել, և թե ինչ հնարավոր ազդեցություն դրանք կարող են ունենալ:

Գործող պատժամիջոցները և դրանց ազդեցությունը

Ինչպես հայտնի է, դեռևս 2014թ. ԵՄ անդամ երկրները, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան և զարգացած աշխարհի այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան ՌԴ կողմից Ղրիմի բռնակցմանը: Պատժամիջոցների այս խումբը սահմանափակում էր ռուսական պետական ձեռնարկությունների հասանելիությունը արևմտյան ֆինանսական շուկաներին, սահմանում էր էմբարգո դեպի Ռուսաստան բարձր տեխնոլոգիական պրոդուկտների արտահանման վրա, ինչպես նաև սահմանափակում էր ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստան:

Այդ պատժամիջոցների և հատկապես նավթի գների անկման ազդեցությամբ 2015թ. հունվարին նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ ՌԴ ռուբլին միջինում կորցրեց իր արժեքի մոտ 40%-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014թ. համեմատությամբ 2016թ. ՌԴ ՀՆԱ-ն անկում է ապրել մոտ 40%-ով՝ 2.06 տրիլիոն ԱՄՆ դոլարից հասնելով 1.28 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Բացասական միտումներ են գրանցվել նաև արտահանման ոլորտում. 2014թ. համեմատությամբ 2016թ. ՌԴ արտահանման ծավալները կրճատվել են մոտ 43%-ով՝ 496 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 281 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ավելին, մոտ 62 տոկոսային կետով կրճատվել է օտարերկրյա ներդրումների ներհոսքը դեպի Ռուսաստան՝ 2013թ. գրանցված 70.7 միլիարդ դոլարից հասնելով 26.7 միլիարդ դոլարի:

Պատժամիջոցներն ընդլայնող օրենսդրական նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված օրենքի առաջին հատվածը նվիրված է 2014թ.-ից ի վեր նախագահ Բարաք Օբամայի կողմից սահմանված պատժամիջոցներին օրենսդրական կարգավիճակ տրամադրելուն՝ այդպիսով զրկելով ներկա նախագահին դրանք փոփոխելու կամ մեղմացնելու հնարավորությունից: Ի հավելումն դրա՝ օրինագիծը նոր տնտեսական արգելքներ է սահմանում այն անձանց և կազմակերպությունների համար, որոնք՝
ա) ներգրավված են ընդդեմ Միացյալ Նահանգների կազմակերպվող կիբեռհարձակումներում,
բ) խոշորամասշտաբ գործարքներ են իրականացնում ՌԴ գաղտնի ծառայությունների, ինչպես նաև ռազմական գործակալությունների հետ,
գ) ընդգրկված են մարդու իրավունքները ոտնահարող և կամ կոռուպցիոն նշանակալի գործարքներում,
դ) աջակցում են Սիրիայի կառավարությանը՝ զենք ձեռք բերելու հարցում,
ե) ներդրումներ են կատարում էներգակիրների արտահանման խողովակաշարերում ,
զ) մեկ տարվա ընթացքում կատարում են 10 միլիոն և ավելի ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ ՌԴ պետական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացում:

Օրենսդրական նախագիծը սահմանում է 12 տեսակի պատժամիջոցային գործիքներ, որոնք ԱՄՆ նախագահը կարող է կիրառել վերոնշյալ անձանց նկատմամբ: Ընդ որում, օրենքը պարտադրում է նախագահական ինստիտուտին կիրառել այս գործիքներից առնվազն հինգը բոլոր այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են սահմանված գործարքներում:

Սա ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը լիազորություն ունի՝
ա) արգելել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին մեկ տարվա ընթացքում 10 միլիոն դոլարը գերազանցող վարկային միջոցներ տրամադրել ռուսական կազմակերպություններին, բացառությամբ եթե այն օգտագործվելու է մարդասիրական նպատակներով,
բ) կիրառել միջազգային ֆինանսական կազմակերպություններում ԱՄՆ ազդեցությունը կամ քվեն՝ սահմանափակելու համար այդպիսի կազմակերպություններին վարկային ռեսուրսների տրամադրումը,
գ) արգելել պատժամիջոցների տակ գտնվող ֆինանսական կազմակերպություններին հանդիսանալ ԱՄՆ կառավարության պարտքային գործիքների առքուվաճառքի առաջնային դիլեր,
դ) արգելել սանկցավորված կազմակերպությունների մասնակցությունը ԱՄՆ պետական գնումների գործընթացին,
ե) արգելել ամերիկյան կազմակերպություններին նշանակալի ներդրումներ իրականացնել սանկցավորված կազմակերպություններում, ինչպես նաև գնել նրանցից նշանակալի ակտիվներ կամ կորպորատիվ պարտատոմսեր,
զ) չեղարկել կամ արգելափակել այդպիսի անձանց պատկանող ԱՄՆ մուտքի վիզաները և այլն:

Հնարավոր ազդեցությունը

Միանշանակ կարելի է պնդել, որ սահմանված այս պատժամիջոցների փաթեթը չի հանգեցնի տնտեսական անկման 2014թ. սցենարի կրկնությանը: Սակայն, այս օրենսդրական նախագծի ռազմավարական նպատակը վերականգնվող ռուսական տնտեսության զարգացման պոտենցիալը սահմանափակելն է: Այսպես, 2014թ. ի վեր առաջին անգամ մի շարք եվրոպական կորպորացիաներ հայտնել էին Ռուսաստանում խոշոր ներդրումային նախագծեր իրականացնելու իրենց մտադրության մասին, սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա վատթարացումը նրանց կարող է տարհամոզել:

Ավելին, ըստ որոշ հաշվարկների՝ էներգակիրների արտահանումը ապահովում է ՌԴ պետական բյուջեի մուտքերի գրեթե 60%-ը: Գաղտնիք չէ նաև, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունում ակտիվորեն օգտագործում է էներգետիկ տարբեր նախագծերը՝ հատկապես եվրոպական տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար: Սակայն, ինչպես նշվեց, ընդունված օրենսդրական նախագիծը սահմանափակում է էներգակիրների արտահանման նոր ենթակառուցվածքներ և խողովակաշարեր կառուցելու Ռուսաստանի հնարավորությունը: Այդ պատժամիջոցները նաև վտանգի տակ են դնում Ռուսաստանի հյուսիսից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա ձգվող «Nord Stream 2» խողովակաշարի գործարկման հեռանկարները, որի կառուցումը պլանավորված էր սկսել մինչև 2019թ., և որի միջոցով հնարավոր կլիներ տարեկան լրացուցիչ 55 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել դեպի եվրոպական շուկաներ:

 

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031