Մյունխենի «Բավարիայի ղեկավարման խորհրդի նախագահ եւ Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, թե կգերադասեր Նեյմարին գնելու համար ՊՍԺ-ի հատկացված գումարով մարզադաշտ կառուցել:
Նեյմարի տրասֆերը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային է՝ 222 միլիոն եվրո: 2005 թվականին բացված «Ալյանց Արենան» արժեցել է 346 միլիոն եվրո:
«Ինքս ինձ հարց եմ տալիս. ո՞րն է ավելի կարեւոր՝ Նեյմա՞րը, թե՞ «Ալյանց Արենան»: Ես նախընտրում եմ մարզադաշտըը: Նեյմարի տրանսֆերի ընդհանուր արժեքն ավելի շատ է լինելու, քան «Ալյանց Արենայի» շինարարությունը: «Բավարիայի» փիլիսոփայությունն այլ է: Մենք չենք կարող դա անել եւ չենք ցանկանում: Հասարակությունն ու երկրպագուներն աջակցում են մեր ընտրած ճանապարհը: Համաշխարհային եւ տարածաշրջանային ֆուտբոլի բոլոր ղեկավարները պետք է նստեն մի սեղանի շուրջ, տրանսֆերային գումարների ավելացման հետ կապված հարցերը քննարկեն եւ ավելի արդյունավետ լուծումներ գտնեն», – հայտարարել է «Ոսկե գնդակ» մրցանակի կրկնակի տիրակալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ