Լոռու մարզում եւս մեկ հիդրոէլեկտրակայան կկառուցվի: «Շնող» ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջոցով:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգից:
Կառավարությունը մտադիր է հավանություն տալ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջեւ կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:
Ըստ որոշման նախագծի, նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:
ՀԷԿ-ի կառուցման համար որքան գումար է ներդրվելու, երբ է մեկնարկելու շինարարությունը եւ երբ է կառուցապատման ավարտը, նախագծում գրված չէ:
Նշենք, որ ՀԷԿ-ի կառուցապատողը՝«Դեբեդ Հիդրոն» հիմնադրել է «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ