Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհեստական համախմբումները որեւէ տեղ չեն տանելու». «Ազատ դեմոկրատները»՝ «Ժառանգությանը»

Օգոստոս 09,2017 16:20

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կուսակցության համագումարին հայտարարել էր, որ իրենք բաց են՝ համագործակցության համար եւ ուզում են ընդդիմադիր դաշտը համախմբել, խոշորացնել: Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էլ հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ են հանդիպել եւ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ չի հրապարակվում:

Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ «Ժառանգությունն» իրենց հետ հանդիպե՞լ է այդ հարցի շուրջ: Նա պատասխանեց. «Դեռեւս ոչ, մենք դրա մասին տեղեկացել ենք մամուլից եւ իրենց համագումարի ընթացքում հնչած ելույթից, վերջին հարցազրույցներից: Այլ առաջարկություններ եւ հանդիպումներ չեն եղել»:

Անժելա Խաչատրյանն ասաց, որ ընդհանրապես համախմբումը շատ դրական երեւույթ է եւ քաղաքական դաշտում ցանկացած հարց լուծելիս պետք է լինի համախմբում. «Մենք միշտ կողմնակից ենք եղել համախմբմանը, բայց մի կարեւոր հանգամանք մենք միշտ շեշտադրել ենք, դա կարեւոր պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր իրականում ուզում են, որ համախմբումը արդյունքներ տա եւ արհեստական չլինի, դա գաղափարական հենքով համախմբումն է: Որովհետեւ տարիները ցույց են տվել, որ ցանկացած նպատակի շուրջ անգամ եթե եղել է համախմբում եւ մի կողմ է դրվել գաղափարական հենքը՝ նշելով, որ դա այնքան էլ կարեւոր չէ եւ հրատապ չէ, այնուամենայնիվ, հետագայում բոլոր խնդիրները, տարաձայնությունները, պառակտումները հենց այդ գաղափարական հենքի վրա են տեղի ունեցել: Այնպես որ, ինչպես ընտրությունների ժամանակ, երբ մենք խոսում էինք համախմբման մասին եւ շեշտում էինք, որ գաղափարական հենքը շատ կարեւոր է, այնպես էլ հիմա ցանկացած հարց լուծելիս շատ կարեւոր է, որ գաղափարական ընդհանրություններ լինեն: Եթե ներքին կամ արտաքին քաղաքականության հետ կապված քաղաքական ուժերը չունենան ընդհանրություններ, իրենք չեն հաջողվելու այն գործընթացում, ինչը կսկսեն»:

Հարցին՝ առջեւում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու հարցն է եւ զուտ դրա դեմ պայքարելու օրակարգի շուրջ ընդդիմադիր դաշտի համախմբումը դուք հնարավոր համարո՞ւմ եք՝ Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Կարեւորագույնը գաղափարական հենքն է, արհեստական համախմբումները որեւէ տեղ չեն տանելու եւ որեւէ արդյունքի չեն հանգեցնելու, իսկ թե ով կլինի վարչապետ, ով չի լինի, իմ կարծիքով, դեռեւս շուտ է խոսել դրա մասին: Աշնանը ամեն ինչ կհստակեցվի եւ «Ազատ դեմոկրատներն» իր դիրքորոշումը կհայտնի: Բնականաբար, մեր քաղաքական օրակարգը չի փոխվել, առաջիկայում տեղի է ունենալու մեր համագումարը, որտեղ եւս մեկ անգամ բարձրացվելու է այն օրակարգը, որով մենք առաջնորդվել ենք եւ որը տարբերվում էր մյուս քաղաքական ուժերի առաջ քաշած օրակարգից: Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կուզենան եւ համադրելի կլինեն իրենց գաղափարներով եւ սկզբունքներով, մենք նրանց հետ կշարունակենք համագործակցել, բաց ենք համագործակցության համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031