2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հետ օրերս դատարանում տեղի ունեցած միջադեպի փաստով տեղեկությունները նրա պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանն ուղարկել է ՄԻԵԴ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հայարփի Սարգսյանը:
Նա նշեց, որ դեռեւս դեկտեմբերին գանգատ էր հղել ՄԻԵԴ-ին՝ Հովհաննես Հարությունյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի առնչությամբ՝ խոշտանգման հոդվածով. «Այն ժամանակ ՄԻԵԴ-ը հաստատեց այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում եւ պահանջ ուղղեց ՀՀ-ին՝ քայլեր ձեռնարկել նրա առողջական վիճակի առնչությամբ: Դեռեւս հուլիսին էի սպասում վճռի, սակայն դատարանում վերջին միջադեպի վերաբերյալ տեղեկությունները եւս ուղարկեցի ՄԻԵԴ: Պատկերացրեք՝ նրա ոտքը հրազենային վիրավորում ունի, հազիվ է գետնին դնում, ու այդ վիճակում քաշքշելով՝ արագ-արագ տարել են աստիճաններով: Առհասարակ, ակնկալիքներ չունեմ ՀՀ արդարադատությունից: Դեպքը տեղի ունեցավ երկու դատախազների աչքի առաջ, որոնք ոչինչ չձեռնարկեցին»:
Հայարփի Սարգսյանը նաեւ հատնեց, որ երեկ է տեսակցել Հովհաննես Հարությունյանին. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ռենտգեն-հետազոտություն են արել: Դիմել եմ, որպեսզի արդյունքները տրամադրեն ինձ կամ թույլ տան լուսանկարել, որպեսզի ուղարկեմ Հովհաննես Հարությունյանի՝ արտասահմանում գտնվող բժիշկներին: Առայժմ չեն թույլատրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ