Ինչպես անդրադարձել ենք Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզպետարանի անգույն պատերը զարդարել էր սիրելի դերասանների՝ Մհեր Մկրտչյանի ու Գալյա Նովենցի լուսանկարներով, որոնք հիմնականում վերցված էին Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերից։
Այսօր էլ Շիրակի մարզպետի առանձնասենյակ տանող միջանցքի պատին փակցվել են Շիրակի բոլոր մարզպետների լուսանկարները՝ ըստ պաշտոնավարման հերթականության։
Հետաքրքիրն այն է, որ այդ շարքը գլխավորում է հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, ՀՅԴ կուսակցության անդամ, Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում ծնված Կարո Սասունին, որը 1920 թվականի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։
Նախկին մարզպետների շարքում կան երկու գեներալներ՝ Աշոտ Գիզիրյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, երեք դաշնակցականներ՝ Կարո Սասունին, Ռոմիկ Մանուկյանն ու Հովսեփ Սիմոնյանը։ Շարքը սկսվում ու ավարտվում է դաշնակցականներով․ սկզբում Կարո Սասունու, իսկ ամենավերջում Հովսեփ Սիմոնյանի լուսանկարն է։ 8 մարզպետներից ընդամենը մեկն է կին՝ Լիդա Նանյանը։
Ի դեպ, շիրակցիները յուրովի են հիշում իրենց մարզպետներին՝ նրանց բնութագրող հետաքրքիր դրվագներ պատմելով: Նրանց շարքում միակը, որին ծանոթ են միայն Հայոց պատմության դասագրքերից, Կարո Սասունին է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ