«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ են հանդիպել եւ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «Ժառանգությունն» առայժմ գաղտնի է պահում՝ խոստանալով հրապարակել սեպտեմբերին:
Մեզ հետ զրույցում կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարեց, որ իրենց կարծիքով խորհրդարանից դուրս ավելի ընդդիմադիրներ կան: Երբ հարցրեցինք՝ «խորհրդարանից դուրս ավելի ընդդիմադիրներ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ինչու ոչ՝ «Համախմբմանը», ինչու ոչ՝ ՀԱԿ-ին, այլ գործիչներ կան, որոնք կուսակցություն չունեն, չեն ներկայացնում, բայց նրանք կարող են լինել կազմակերպողը, գեներացնող»:
Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից ճշտեց՝ «Ժառանգությունն» իրենց հետ հանդիպում, քննարկում ունեցե՞լ է ընդդիմադիր դաշտի խոշորացման նպատակով եւ ի՞նչ արդյունքներ կան, պայմանավորվածություն ունե՞ն: Նա պատասխանեց, որ «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ չի հանդիպել եւ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ