«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կուսակցության համագումարից հետո ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ են հանդիպել եւ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ կհրապարակվի սեպտեմբերին: Բայց այն, որ նման հանդիպումներ նրանք անցկացրել են, հաստատեց նաեւ կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «ցանկացողները կարող են միանալ մեզ, մենք բաց ենք, նաեւ չենք բացառում եւ պատրաստ ենք մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկները քննարկել եւ մեր տրամաբանության հետ եթե կհամընկնի, մենք էլ կարող ենք նրանց շուրջ հավաքվել: Որեւէ բան պետք է արվի՝ դա հաստատ, այսպես երկար այլեւս չի կարող մնալ: Մեր արտաքին պարտքը նայում եմ, դեֆոլտի վիճակ կա, մնացած ցուցանիշները, Սերժ Սարգսյանի ամբիցիոզ լինելը՝ վերարտադրվելու, այս ամենի դեմ պետք է պայքարել»:
Մեր հարցին՝ երբ «Ժառանգությունը» ընդդիմադիր դաշտի խոշորացմանն է ուզում գնալ, դուք ո՞ւմ եք համարում ընդդիմադիր, այդ ցուցակն ունե՞ք ընդդիմադիրների, որովհետեւ բոլորն իրար մեղադրում են ծախված լինելու, Բաղրամյան 26-ի հաճախորդը լինելու մեջ, ուստի անհասկանալի է, թե ում հետ է պատրաստ «Ժառանգությունը» խոշորանալ՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Որեւէ ցուցակ չունենք: Իշխանական ԶԼՄ-ները եւ ֆեյքերը «Ժառանգությանն» էլ են տարիներ շարունակ հաճախորդ անվանում, իշխանության պրոյեկտ եւ այլն: Ես մի քիչ ավելի լավատես եմ, վստահ եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժեր եւ գործիչներ կան, ուղղակի փոքրիկ ամբիցիոզ վիճակներն են խանգարում, որ միավորվեն, փոքրիկ տարաձայնություններ կան, որ ես ավելի ձայն ունեցա, անցա խորհրդարան, դուք չունեք ձայն, չանցաք….այ սա է պետք հաղթահարել: Իսկ որ ԱԺ-ում չի ընդդիմադիր թեւը հավաքված՝ դա աքսիոմա է, մեծ վերապահումով եմ դրան վերաբերում, որ հենց ԱԺ-ի ընդդիմադիրներն են իրական ընդդիմադիրները: Ասեմ ավելին՝ ԱԺ-ից դուրս ավելի ընդդիմադիր ուժեր կան, նրանց հետ պետք է դա անել, այլ ելք չկա: Կհամախմբվեն եւ ցանկալի կլինի թավշյա փոփոխություն, չասեմ՝ հեղափոխություն: Եթե ոչ, ապա պետք է փողոց դուրս գալ: Որքան էլ որ կաշառք բաժանվեց, ընդդիմադիր ժողովրդի մի մեծ հատված չգնաց ընտրությունների: Այդ հատվածին գեներացնող ուժեր են պետք, եւ դա կարող է լինել նաեւ «Ժառանգությունը», կարող է նաեւ «Ժառանգությունն» այլ ուժի շուրջ համախմբվել»:
Մեր հարցին՝ երբ ասում եք, որ խորհրդարանից դուրս ավելի ընդդիմադիրներ կան, ո՞ւմ նկատի ունեք՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ինչու ոչ՝ «Համախմբմանը», ինչու ոչ՝ ՀԱԿ-ին, այլ գործիչներ կան, որոնք կուսակցություն չունեն, չեն ներկայացնում, բայց նրանք կարող են լինել կազմակերպողը, գեներացնող»:
Մենք ճշտեցինք՝ Սեյրան Օհանյանի՞ն նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Սեյրան Օհանյանին, դաշտում շատ կան ընդդիմադիր գործիչներ, որոնք հարգված են հանրության կողմից: Ես կարծում եմ, որ մի փոքրիկ բան է պետք, որ նրանք հավաքվեն մի տեղ»:
Մեր հարցին՝ նախորդ տարի էլ երկրի վիճակը վատ էր, տնտեսությունը վատ վիճակում էր, առջեւում էլ ընտրություններ էին, բա ինչո՞ւ չհավաքվեցին մի տեղ ու ինչո՞ւ պիտի հիմա դա անեն՝ Սուսաննա Մուրադյանը պատասխանեց. «Ավելի վատ վիճակ չի եղել: Խնդիրն այն չի, որ մեր իշխանությունները չեն կարողանում աղքատությունը կրճատել, այլ իրենց անհագ ախորժակը թույլ չի տալիս, որ նաեւ մնացածը կարողանան նորմալ ապրել, դրա համար պետք է անկասկած որեւէ քայլ անել, որպեսզի ապրիլին նորից չվերարտադրվի Սերժ Ազատի Սարգսյանը, որը տանում է դեպի կուսակցապետություն: Իմ կարծիքով, արդեն մենք կուսակցապետություն ունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ