«Սարի թաղի» գործով կալանավորված տասը քաղաքացիներին առաջադրված մեղադրանքը հստակ չէ, ամբաստանյալները հստակ չգիտեն, թե որ գործողության համար են իրենք մեղադրվում: Այս մասին այսօր «Սարի թաղի» գործով հերթական դատական նիստի ավարտին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալներ Սարգիս Արաբաջյանի եւ Կարեն Վանոյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Տուժող ոստիկանները, որոնք հարցաքննվում են, մինչ օրս չեն մատնանշել որեւէ ամբաստանյալի: Իմ պաշտպանյալներն իրենց առաջադրված մեղադրանքն անհիմն են համարում եւ պայքարում են արդարության համար»,-նշեց Լիպարիտ Սիմոնյանը:
Հետաքրքրվեցինք՝ եթե սարիթաղցիները փողոց էին դուրս եկել՝ կոմունալ խնդիրների հետ կապված դժգոհությունը ոստիկաններին հայտնելու, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառով է բախում եղել: «Գուցե սադրանքի հետեւանք է, օրինակ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանի կողմից կամ այնպիսի քաղաքացու, որը սարիթաղցիների հետ կապ չունի: Համենայն դեպս, մեղադրվող տղաների նպատակը չի եղել ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելը»,-պատասխանեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ