«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այս պահին բացակայում են ՀՀ-ից: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր է՝ Արեւմտյան Հայաստանում է:
Նրանք կուսակցության համագումարից հետո ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ են անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Թե կոնկրետ որ ուժերի հետ են հանդիպել եւ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ կհրապարակվի սեպտեմբերին: Բայց այն, որ նման հանդիպումներ նրանք անցկացրել են, հաստատեց նաեւ կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Aravot.am-ը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ «Ժառանգությունն» իրենց հետ հանդիպե՞լ է եւ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են: Նա պատասխանեց. «Ոչ, որեւէ պայմանավորվածություն չկա: Որեւէ հանդիպում, քննարկում «Ժառանգության» կամ մեկ այլ քաղաքական ուժի հետ չի եղել: Մենք քանիցս ասել ենք, որ ցանկացած համագործակցություն կարող է լինել միայն մեկ ընդհանուր քաղաքական օրակարգի դեպքում: Ինքնանպատակ միավորումները, քաղաքական փորձը ցույց է տվել, որ որեւէ խնդիր լուծել չեն կարող: Մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ այս կամ այն հարցի շուրջ, որտեղ կլինեն տեսակետների եւ մոտեցումների ընդհանրություններ, համագործակցել: Դեռ որեւէ քննարկում «Ժառանգության» հետ որեւէ խնդրի վերաբերյալ չի եղել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընդհանրապես քաղաքական քննարկումներ լինում են կոնկրետ օրակարգի շուրջ. «Մենք իրենց քաղաքական օրակարգին ծանոթ չենք: Բացի այդ, հաշվի առնելով Արմեն Մարիտիրոսյանի խոսքերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետությունում չէ, ընդհանրապես հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ ձեւաչափով եւ ում է հանդիպում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ