Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Նաիրիտ-2» ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու խնդրանքով
էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը դիմել է կառավարություն: Օգոստոսի 10-ի նիստում այս հարցը կքննարկվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
«Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերն այս պահին կառավարում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, որն էլ կանոնադրական կապիտալի նվազեցումը պայմանավորում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջով: Եթե երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազեցումը: Ըստ նախագծի, ընկերության սեփական կապիտալը տարիներ շարունակ եղել է փոքր կանոնադրական կապիտալից եւ այն պետք է իր կարգավորումը ստանար գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
«Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 14,069,310.0 հազար դրամ կազմող կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցվում է 4,496,486.0 հազար դրամով եւ այն համապատասխանեցվում է ընկերության 01.01.2017թ. դրությամբ զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքին՝ 9,572,824.0 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ