Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Այս տարի հանրապետությունում 2 անգամ համընդհանուր շաբաթօրյակ է կազմակերպվել, որից վերջինը՝ հուլիսի 29-ին: Տավուշի մարզպետարանի կայքում բազմաթիվ տեղեկություններ կան մարզի համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում կատարված շաբաթօրյակի արդյունքների մասին:
Տավուշի մարզի հարավային մուտքին, Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող հասարակական զուգարաններն անմխիթար վիճակում են: Տարիներ առաջ կառուցված հասարակական զուգարանի մուտքի զույգ դռները փակ են, դրանց բռնակները` կոտրված, մուտքի դռներից մեկի ապակին՝ կոտրված; Սպիտակեցված պատերով զուգարանի ներսում աղտեղություն է; Զուգարանից քիչ հեռու «ԴՍՊ»-ից սարքված զուգարան է, որի վրա խոշոր տառերով գրված է՝ 100 դրամ: Սակայն այդ զուգարանի դուռը կողպված է:
Երկու զուգարանի շրջակայքում աղբի կույտեր են՝ պլաստմասսայից շշեր, ծխախոտի տուփեր, փալասներ: Մոտակա աղբյուրի մոտ եփած եգիպտացորեն են վաճառում, դրա մնացորդները լցրել են տարածք:
Ամեն օր Դիլիջան-Սեւան թունելով հազարավոր մարդիկ են երթեւեկում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մաքուր Հայաստանի» նախաձեռնողները հուլիսի 21-ին Դիլիջանում Տավուշի մարզի խնդիրները քննարկելուց հետո, Երեւան վերադառնալիս չե՞ն տեսել թունելի մոտ չգործող, կեղտոտ հասարակական զուգարանները, դրանց շրջակա աղբակույտերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ