Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գաղտնի հանդիպումներ են անցկացրել Սիրիայի հարցով. Haaretz

Օգոստոս 09,2017 11:43

Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը հուլիսի սկզբին մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել և քննարկել են Սիրիայի հարավում զինադադար հաստատելու և սիրիա-իսրայելական և սիրիա-հորդանանյան սահմաններին դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու հարցը: Այս մասին իսրայելական Haaretz թերթին հայտնի է դարձել իսրայելական աղբյուրներից և արևմտյան դիվանագետներից:

Հանդիպումները տեղի են ունեցել Ամանում և եվրոպական մայրաքաղաքներից մեկում՝ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հայտնի պայմանավորվածությունից առաջ: Բանակցություններում իսրայելական կողմը դեմ է հանդես եկել դեէսկալացիոն գոտիներին՝ հայտարարելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատշաճ ուշադրություն չեն դարձնում Սիրիայից իրանական ուժերի դուրսբերմանը:

Պարբերականի աղբյուրները, որոնք ցանկացել են գաղտնի մնալ՝ հայտարարել են, որ բանակցություններին մասնակցել են Իսրայելից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից հայտնի դիվանագետներ և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Իսրայելական կողմից հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, «Մոսադի» և զինված ուժերի ներկայացուցիչներ:

Ամերիկյան կողմը ներկայացրել են Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մայքլ Ռաթնին, ինչպես նաև ԻՊ-ի դեմ կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

Թերթը գրում է, որ Ամանում նույն օրը տեղի է ունեցել 2 հանդիպում: Առաջինին մասնակցել են Իսրայելի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, Թել Ավիվն իր դիրքորոշումն է ներկայացրել Մոսկվային և Վաշինգտոնին: Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի, ԱՄՆ-ի և Հորդանանի միջև, այստեղ համընկել են Թել Ավիվի և Ամանի դիրքորոշումները: Մի քանի օրից Իսրայելի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Պարբերականի աղբյուրը պատմել է, որ այդ բանակցություններում, ի տարբերություն Հորդանանում տեղի ունեցած հանդիպման, մասնակցել են ավելի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ հիմնական անհամաձայնությունը եղել է այն հարցի շուրջ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը զինադադարը և դեէսկալացիոն գոտիների ստեղծումը դիտարկում են որպես իրավիճակի կայունացման գործնական ու մարտավարական միջոց ԻՊ-ի դեմ պայքարում: Իսրայելը ենթադրում է, որ համաձայնությունը պետք է դիտարկել երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարում և կենտրոնանալ պատերազմից հետո Սիրիայում իրանական ազդեցության վրա:

Ըստ պարբերականի՝ Թել Ավիվը զրուցակիցներին հայտնել է, որ համաձայնությունը պետք է ապահովի Սիրիայի տարածքում Իրանի ներկայության խնդիրը: Իսրայելցիները ռուսական ու ամերիկյան կողմին հայտնել են, որ նրանք պետք է պահանջեն Սիրիայից դուրս բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, լիբանանյան «Հըզբոլլահի» և շիական աշխարհազորայինների ուժերը: Հակառակ դեպքում Իսրայելը և Հորդանանը կարող են հայտնվել վտանգի տակ:

Թերթի աղբյուրը նշել է, որ Իսրայելը դժգոհ է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնությունից, քանի որ դրանում չի հիշատակվել Իրանը կամ «Հըզբոլլահը» և չի խոսվել Սիրիայում իրանական ուժերի ներկայության մասին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031