Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1987-ի երկրորդ կեսին մարդկանց մի խումբ նախապատրաստում էր Արցախյան պոռթկումը». aniarc.am

Օգոստոս 09,2017 11:36

Ալեքսան Հակոբյան. «Ղարաբաղ» կոմիտեն բացարձակ կոլեգիալ մարմին էր

– Արտաքուստ թվում է, թե 88-ի Շարժումը և այն ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն ձևավորվեցին ոչնչից՝ զրոյից: Հանրությանը քիչ թե շատ հայտնի է փոքրաթիվ այլախոհական խմբերի՝ ԱՄԿ–ի և Հելսինկյան խմբի գործունեությունը: Հետաքրքիր է, թե, բացի վերոնշյալներից, ուրիշ ի՞նչ խմբեր, խմորումներու քննարկումներ կային Հայաստանում մինչև 1988-ը, և արդյո՞ք կապ կա այդ խմբերի, քննարկումների և 1988-ից ծավալված Շարժման, հատկապես դրա քաղաքական մարտավարության միջև:

– 88-ից առաջ Մ. Գորբաչովի հայտարարած վերակառուցման շրջանն էր: Բնականաբար, Գորբաչովը մտադիր էր վերակառուցումն իրականացնել լոկ որոշ չափով, սակայն ԽՍՀՄ-ի և հատկապես Հայաստանի հասարակությունն արեց շատ ավելին, ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի վերացմանը, իսկ դա, անշուշտ, դրական պատմական զարգացման արդյունք էր: Վերակառուցման տարիներին արդեն գոյություն ունեցող հասարակական շարժումներն ակտիվացան: Դրանք կային դեռևս ԽՍՀՄ ճահճացման շրջանում՝ 70-ականների վերջին, 80-ականների սկզբին: Այդ շարժումները բազմաբովանդակ էին. կար բնապահպանական շարժում, կար հայ հասարակության որոշակի շերտի պայքար հայերենի համար և ռուսերենի դեմ, քանի որ ռուսերենը սկսում էր սպառնալ հայերենի և հայ մշակույթի գոյությանը կամ գոնե դրա որակին, կային մայրաքաղաքի կենտրոնի պահպանության շարժումներ, կային երգի-պարի ազգագրական խմբեր, բանահավաքչական խմբեր. այդ ամենի մեջ կար հայ ազգայինի կարևոր տարրը, որը սկիզբ էր առել դեռևս 60-ականներից: Կար նաև սոցիալական շարժում, որն ուղղված էր արդար հասարակություն կառուցելուն, քանի որ շատերը էին ցանկանում, որ կոմունիստական հասարակությունն արդար լինի, բայցև տեսնում էին, որ այդպես չէ: Վերակառուցումը մի քանի անգամ մեծացրեց այս շարժումների թափը: Եթե ոչ 85-ից, ապա՝ 86-ից հայաստանյան հասարակությունում այս բոլոր շարժումները բավական բարձր մակարդակով էին գործում: Հանկարծ իմանում էիր, որ քաղաքի այսինչ տեղում քաղաքի պաշտպաններն են փոքրիկ միտինգ անում, մեկ ուրիշ տեղ ազգագրական խմբի համերգ է, մեկ այլ տեղ՝ բնապահպանական քննարկումներ, և այդ բոլորի կողքին կար նաև Արցախի խնդիրը, որն աստիճանաբար գիտականից դուրս եկավ ոչ գիտական լսարաններ և 86-ին համակեց ողջ հասարակությանը և՛ Հայաստանում, և՛ Արցախում, որտեղ սկսեցին լրջորեն մտածել դրա մասին, ինչ-ինչ փաստաթղթեր կազմել, տարածել բնակչության մեջ, ուղարկել Մոսկվա: Մեզանում շատ հետաքրքիր էին անցնում Արցախի պատմության, Աղվանքի մասին Բաքվում հրատարակվող գրքերի և պաշտպանվող ատենախոսությունների քննարկումները: Քննարկումների այդ հարթակները մինչև 88-ի Շարժումը բավական ակտիվ էին, և այդ բոլորի միախառնումից ծագեց շատ ավելի մեծ շարժում՝ Ղարաբաղյանը, որը 87-ի երկրորդ կեսին ձնագնդի էֆեկտով մեծացավ և 88-ին ուղղակի պայթեց փետրվարյան ամենօրյա մեծ հանրահավաքների ձևով:

 -Դուք անձամբ ինչպե՞ս եք ներգրավված եղել մինչև 1988-ը եղած նշված խմորումների, քննարկումների մեջ:

Պատասխան– Մասնագիտությունից ելնելով՝ ես ավելի շատ գիտական շրջանակներում էի: Խորհրդային Միությունն արհեստական ձևով փորձում էր համահարթեցնել Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները: Այն ժամանակ դա ծանր հարց էր, և մեր պատմաբան գիտնականներն անգամ հալածանքների ենթարկվելու կամ իրենց աշխատությունները չհրատարակելու վտանգով փորձում էին առաջ տանել այդ հարցը: Ես դրանով էի զբաղվում թե՛ Պետերբուրգում (այն ժամանակ՝ Լենինգրադում) ասպիրանտուրայում ուսանելիս կապ պահպանելով Հայաստանի հետ, թե՛ առավել ևս ասպիրանտուրան 1981-ին ավարտելուց և Հայաստան վերադառնալուց հետո: Մեր սերնդի ակտիվ մասը, անկախ մասնագիտությունից, վերակառուցումից հետո ուղղակի մխրճվեց այդ շարժումների մեջ, որոնք, ինչպես արդեն նշեցի, խտացան և արձանագրվեցին Ղարաբաղյան շարժման ձևով: Պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեն ստանձնեց նաև այդ բոլոր շարժումների համակարգումը՝ զբաղվելով և՛ բնապահպանական, և՛ մշակութային, և՛ քաղաքի պաշտպանության, և՛ սոցիալական արդարության հարցերով:

Նյութի մանրամասները կարդացեք aniarc.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Սիամական երկուորեակներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանդայի վարած Ուրացման քաղաքականութեան հետևանքով Հայաստանն ու հայութիւնը յայտնուել է անփառունակ վիճակում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031