Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականները նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նախավերջին հավաքները երկու հավաքականներն անցկացրել են արտագնա. հունահռոմեականները՝ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում, ազատ ոճայինները՝ Կիսլովոդսկում:
Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ Բելառուսում իրենք մարզվել են այդ երկրի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: «Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ասում է հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը:
Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է: Մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեականները օգոստոսի 7-19-ը եւս մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում:
«Ինձ գոհացնում է մեր կատարած աշխատանքը, մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք եւ լավ մարզավիճակով մեկնենք աշխարհի առաջնություն: Մասնակից չենք նախատեսում միայն գերծանր քաշային կարգում, մնացած բոլոր քաշերում ըմբիշներ կունենանք»,- նշում է մարզիչը: Բայց նա չի շտապում ըմբիշների անուններ տալ: Հավաքականի վերջնական կազմը Լեւոն Ջուլֆալակյանը խոստանում է հրապարակել օգոստոսի 10-ին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
09.07.2017