Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդհատված արձակուրդ, թեհրանյան ուղերձներ

Օգոստոս 09,2017 12:00

Հայաստանն ու Իրանը`
«միջազգային անվտանգության կերտողներ ու սպառողներ»

Օգոստոսի 5-ին ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը Հարավային Կովկասի պետությունների ղեկավարներից միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է մասնակցել: Ընդ որում, Սերժ Սարգսյանն ընդհատել է արձակուրդը ԻԻՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով: Պաշտոնական արարողությանը մասնակցելուց բացի՝ հաջորդ օրը կայացել է Սարգսյան-Ռոհանի հանդիպումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Ուշագրավ է հաղորդագրության այս հատվածը. «Նախագահները երկուստեք կարեւորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի եւ էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաեւ տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը: Կարեւորվել է նաեւ գազի եւ էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցության զարգացումը»:
Նկատենք, որ Թեհրանը բազմիցս բարձրաձայնել է Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարի մասին, որի գործարկումը կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ: Իրանական կողմը բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել է, որ շահագրգռված է, որպեսզի հենց Հայաստանը մաս կազմի Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքին: Իսկ այդ մասնակցությունը ենթադրում է թե՛ ավտոմայրուղու, թե՛ երկաթուղային ծրագրի իրականացման միջոցով, թե՛ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ եւ թե՛ Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ավարտի արդյունքում:
Պաշտոնական Թեհրանն, այսպիսով, Հայաստանը դիտարկում է որպես այդ միջանցքի կարեւորագույն օղակներից մեկը: Մինչ այս պահը հնչել են մտահոգություններ, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային այս ծրագրից, եթե նախապատվություն տրվի Ադրբեջանով միջանցքի ստեղծմանը: Սարգսյան-Ռոհանի հանդիպմանը Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորության շեշտումը խիստ դրական արձանագրում է: Այն թույլ է տալիս ենթադրել, որ այս հարցը մնում է Երեւանի ու Թեհրանի օրակարգում:
Մինչ Թեհրան այցելելը Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել իրանական «Շարղ» օրաթերթին, որում անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության, այդ թվում՝ էլեկտրականության եւ գազի փոխանակումների թեմային եւ հարցին, թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ դեպի Եվրոպա Հայաստանի եւ Վրաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագիրը, նշել էր. «Էներգետիկ համագործակցությունը հայ-իրանական հարաբերությունների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է: Շուրջ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը: Այդ համատեքստում մեծ կարեւորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները: Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին եւ պատրաստ ենք համագործակցության համար»:
Արդյոք Սարգսյան-Ռոհանի հանդիպմանը այս կարեւոր հարցի շուրջ կողմերը համաձայնությա՞ն են եկել՝ թերեւս, պարզ կլինի ավելի ուշ: Այստեղ հետաքրքրական է հարցազրույցում Ս. Սարգսյանի` «եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար» միտքը, որը կարող է տարբեր ենթադրությունների առիթ հանդիսանալ: Իրանական գազը կարեւոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, բայց այս հարցում պատահական չէ, որ հնչում է այնպիսի մտահոգություն, ինչպիսին է, օրինակ, Հայաստանում Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունը խոչընդոտող գործոնը:
Ինչեւէ, օգոստոսի 6-ին Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարեւորել են Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել, եւ ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի: Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն այս թեմային անդրադառնալիս նշել էր. «Մենք բազմիցս ենք նշել, որ պատրաստակամ ենք ամեն կերպ նպաստելու Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առեւտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, ինչի արդյունքում, ինչպես գիտեք, արդեն ընթանում են բանակցություններ: Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում»:
Հաջորդ կարեւոր թեման, որին անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի ղեկավարները, ԼՂ հակամարտությունն է: Սարգսյան-Ռոհանի հանդիպման պաշտոնական հաղորդագրության համաձայն` զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: «Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:
Այսպիսով, Իրանի նախագահը շեշտել է այն կարեւորությունը, որ Թեհրանը տալիս է տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղությանը: ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը մշտապես հստակ է եղել: Այժմ՝ նախագահի պաշտոնում երդման պաշտոնական արարողությունից մեկ օր անց, ԼՂ հակամարտության վերաբերյալ նման հայտարարությունը Ռոհանիի կողմից հատուկ ընդգծելու լրացուցիչ ձեւ է, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ Թեհրանը տարածաշրջանում խաղաղության պահպանման ճանապարհին կարող է ավելի պահանջկոտ դառնալ: Հավելենք նաեւ, որ «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանն ու Իրանը ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ այդ անվտանգության կերտողներ, որոնց գործակցությունը միտված է միմիայն կայուն եւ խաղաղ տարածաշրջանային համակեցության ապահովմանը:
Հասան Ռոհանիի երդման արարողությանը Հարավային Կովկասի երկրների ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանի մասնակցությունը, Սարգսյան-Ռոհանի հանդիպումն ու այդ հանդիպմանը շոշափված առանցքային թեմաները հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ Երեւանն ու Թեհրանը ձգտում են ճեղքում արձանագրել երկկողմ հարաբերություններում: Մի բան, որը, վստահաբար, ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Ալիեւի սրտով չի լինի:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031