Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես միանձնյա որոշեի, բոլորին կվտարեի այդտեղից» (Ֆոտոշարք)

Օգոստոս 09,2017 14:00

Վահե Գուլանյանը՝ Սեւանի վճարովի ափերի
անբարեխիղճ «տերերի» մասին

Սեւանա լճի ափամերձ վայրերում եթե որոշեք հանգստանալ ու հանկարծ մտածեք՝ Սեւանն ազգային հարստություն է, այն բոլորինն է, ու մեկ էլ մի խաղաղ ափ գտնեք՝ չզարմանաք, որ ձեզ մոտենա խալաթով մի կին ու «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» հոգեբանությամբ ասի՝ «Էս տերիտորյան մերն ա, հենա՝ գրուկ, կպցրուկ»: Ու պարզվում է՝ դա վճարովի լողափ է. մի քանի տաղավարներ են դրված, ուրիշ ոչինչ, զուգարան չկա, աղբաման չկա, չխնամված տարածք:
Սեւանա լճի Շորժայի հատվածում գտնվող այս վճարովի լողափի՝ ադամանդյա քարերով ոսկե ականջօղերով «տիրուհին»՝ Սուսաննան, դեռ մի բան էլ իբր լավություն է անում Երեւանից եկածներին, համոզում է՝ «Դե լավ, մի ժամ պիտի լողնաք, 2 հազար դրամ տվեք, բայց բիսեդկեն՝ 5000 դրամ է»: Լճի ափին նման վճարովի ափերը շատ-շատ են: Սեւանը վարձակալողները լիճը մեջ-մեջ են արել: Ինչո՞ւ: Ենթադրվում է, որ պատշաճ սպասարկում պիտի կազմակերպեն, սակայն շատ քիչ վճարովի լողափեր կգտնեք, որտեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է արվում:


Այն լողափերն էլ, որոնք «տեր» եւ «տիրուհի» չունեն, մեծամասամբ աղբանոցի են նման: Լճի Շորժայի հատվածում մեզ հանդիպած գեղատեսիլ վայրերից մի քանիսի մուտքն ազատ էր, մարդիկ էին հանգստանում, ծառի տակ խորոված անում, սեղան գցում, ձմերուկ կտրում ու վերջում աղբը նետում գետնին, որովհետեւ աղբաման չկա: Բայց սա արդարացում չէ, դժվար չէ աղբը հավաքել պոլիէթիլենային տոպրակների մեջ եւ հանդիպած առաջին աղբամանն այն նետել:
Պարզվում է՝ աղբը չնախատեսված վայրերում նետողների դեմ պայքարն ամենաբարդերից մեկն է մեր երկրում եւ նաեւ՝ որսագողության դեմ պայքարը: Համենայնդեպս, այդպես են ասում ոլորտի պատասխանատուները:
Շորժայի մի քանի ափերին մենք նաեւ հանդիպեցինք որսագողերի նավակների ու որսագործիքների՝ իրար միահյուսված պլաստիկե շշեր, որոնք աղբակույտերի տպավորություն էին թողնում, տարածքում՝ հակահիգիենիկ վիճակ: Տարածքը հսկող տղամարդը դիմեց մեզ. «Ձկնորսներինն ա, մեկ-մեկ տանում են, մեկ-մեկ թողում են ստեղ, ի՞նչ ա եղել որ»: Մեր դիտարկմանը, որ ձկան որսը, սիգի որսն արգելված է, վերջինս ասաց. «Միշտ էլ ձուկ բռնում ենք, վերեւներն էլ սաղ գիտեն: Խի էս երկրում ուրիշ պրոբլեմ չկա՞, ձուկ բռնե՞լն ա ամենաառաջին պրոբլեմը»:


«Սեւան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ որսագողերի դեմ պայքարում են, սիգի որսն արգելված է, պայքարը միշտ չէ, որ հարթ է ընթանում, շատ խնդիրներ կան. «Բայց այդ տղամարդը չգիտեմ՝ ինչո՞ւ է էդպես ասել, երեւի գլուխ է գովել»:
Անհասկանալի է, թե գլուխ գովելու ինչ կար, համենայնդեպս, այդ տարածքում անթաքուց լցված էին որսագործիքները, ու նավակներն էլ ազատ ու տեսանելի վայրում՝ հենց ափին կայանած:
Գուլանյանն ասաց, որ հուլիսի 1-ից թույլատրվում է խեցգետնի որսը, եւ որսագողերի գործիքներն այնպիսին են, որ խեցգետնի հետ ջրում ինչ կենդանի կա՝ հանում են, այդ թվում նաեւ արգելված ձուկ: Եվ այնպես էլ չէ, ըստ Գուլանյանի, որ որսագողերը չեն ուզում սիգ որսալ: «Կենսամակարդակի խնդիր կա, գիտակցության փոփոխության խնդիր կա, շատ ծրագրեր են առաջարկվել, ոչինչ չի օգնում, չի ազդում: Ասում ենք՝ 10 օր մի բռնեք, 11-րդ օրը բունտ են անում»:
Գուլանյանը վստահեցնում է՝ որսագողության դեմ պայքարի մի քանի ծրագիր ունեն, հավանաբար կընդունեն կայուն օգտագործման ծրագիրը, որը թույլ է տալիս որսալ այն ձուկը, որը կյանքում գոնե մեկ անգամ վերարտադրվել է, կամ էլ այն քանակը, որ վնաս չի հասցնում ձկան պաշարին. «Ամեն ինչ պատրաստ է, այդ կարգը նախատեսում է թույլատրել որոշ տեսակների պաշարներ որսալ: Ծրագիրը կառավարությունում է, թե ինչու դեռ չի ընդունվում՝ չեմ կարող ասել: Մյուսն ավելի ամբիցիոզ ծրագիր է. առաջարկել ենք բոլոր ձկնորսներին ընդունել աշխատանքի եւ ապահովել բոլոր միջոցներով՝ ձկնորսության եւ նրանց կյանքի անվտանգության համար, նաեւ աշխատավարձ պիտի տանք: Այս ծրագիրը 1 միլիարդ 300 միլիոն դրամ կարժենա, բայց դա ձկան պաշարները կփրկի, եւ վերահսկողությունն ավելի հեշտ կլինի»:


Գուլանյանն ասաց, որ նաեւ պետք է արգելվի, որ ցանկացած ոք որսագործիք ներկրի, դա պետք է պետությունը կազմակերպի: Գուլանյանը վստահեցրեց, որ սիգի պաշարը վերջին 4 տարում 400 անգամ ավելացել է. «Ես հակված եմ ավելի շատ չնախատեսված որսը թույլատրվի, ասենք՝ եթե խեցգետին են որսում, հետը որոշ քանակի սիգ էլ է գալիս: Բայց սա օրինական որսի մասին է»:
Ինչ վերաբերում է աղբահանությանը, Գուլանյանն ասաց, որ որքան էլ մաքրում են, մարդիկ նորից աղբը նետում են գետնին, ծովափին՝ այն դեպքում, երբ շրջակայքում աղբամաններ են դրված: Ըստ Գուլանյանի՝ թե որսագողերի եւ թե աղբը չնախատեսված վայրում թափողների նկատմամբ պետք է շատ խիստ լինել, շատ դեպքերում այս տեսակ մարդկանց վրա անգամ տուգանքը չի ազդում. «Կան որսագողեր, որ գերադասում են տուգանվել, բայց էլի գողանալ: Նույնը՝ աղբը, եթե մարդկանց գիտակցությունը չփոխվի, ինչքան էլ տուգանենք»:
Ինչ վերաբերում է վճարովի լողափերին, Գուլանյանը վստահեցրեց՝ 1400 պայմանագրերից հիմա 800-ն են մնացել, մնացածը լուծարվել են ոչ պատշաճ գործունեության համար: Ըստ Գուլանյանի՝ Սեւանի ափամերձ շրջանում հողի վարձակալությունը 1 քմ-ի համար 50-60 դրամ է, 1 հեկտարի համար տարեկան 500-700 հազար դրամ են վճարում. «Քիչ չէ, բայց Սեւանի համար էլի էժան է»:
Գուլանյանի կարծիքով՝ այդ տարածքներում 20-25 վարձակալն էլ բավարար է. «Ես շատ վատ եմ վերաբերվում էդ տեսակ վարձակալներին, որ փողը մարդկանցից վերցնում են ու լավ չեն աշխատում: Եթե ես միանձնյա որոշեի, բոլորին կվտարեի այդտեղից»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031