Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերին հատվածը սնող 550 մետր երկարությամբ 100մմ տրամագծով թուջե ջրագիծը, դատելով ստեղծված իրավիճակից, վաղուց արդեն կոռոզիայի ենթարկված ու խցանված էր: Ավելին, ջրագիծը անցնում էր այգիների եւ հողատարածքների միջով, որն էլ պատճառ էր դարձել, որ տեղ-տեղ խողովակաշարը արմատակալեր: Դրանից բացի, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, ջրագծի վրա առկա էին բազում գաղտնի վթարներ եւ ապօրինի միացումներ։ Մի խոսքով` ջուրը տեղ չէր հասնում:
Խնդրի արմատական լուծման նպատակով օրերս «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերով Վանաշեն գյուղի վերին հատվածի համար կառուցվեց նոր, պոլիէթիլենային խողովակաշար՝ արդեն 125մմ տրամագծով՝ ավելի մեծ թողունակությամբ: Ընդ որում, հաշվի առնելով իրողությունն ու տեղի բարքերը, այգիների փոխարեն այն անցկացվեց փողոցով՝ միշտ աչքի առջեւ լինելու համար, ասել է թե՝ ապօրինությունները հետայսու բացառվում են: Դրա գործարկումից հետո նախկին քայքայված ջրագիծը հանվեց շահագործումից:
Արդյունքում մոտ 200 բաժանորդ ունեցող տարածքն ապահովվեց արդեն կայուն ջրամատակարարմամբ։
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն