Այսօր՝ օգոստոսի 8-ին, Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի շուրջ 30 բնակիչներ զայրացած գնացել են գյուղապետարանի շենք եւ Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանին դժգոհել, որ իրենք ընդհանրապես խմելու ջուր չեն ստանում: Բաղանիսի բնակիչները մեզ հայտնեցին, որ միջպետական ավտոճանապարհից վերեւ գտնվող Բաղանիսի շուրջ 50 առանձնատուն խմելու ջուր չի ստանում:
Պատճառն այն է, որ գյուղի բնակիչների մի մասը խմելու ջուրն օգտագործում է ոչ միայն խմելու, այլ նաեւ ոռոգման նպատակով, այդ պատճառով ջուրը չի հերիքում: Խմելու ջուր չստացող բաղանիսցիները Նարեկ Սահակյանից պահանջել են 10 հազար դրամի չափով տուգանքներ կիրառել խմելու ջուրը ոռոգման համար օգտագործող համագյուղացիների հանդեպ: Բողոքող բաղանիսցիները հայտնել են, որ խմելու ջրի խնդիրը չլուծվելու դեպքում իրենք մտադիր են դիմել հանրապետության վարչապետին: Բաղանիսից հայտնեցին, որ գյուղի առանձնատները խմելու ջուր ստանում են 4 օրը մեկ ժամանակացույցով, սակայն գյուղում կան ընտանիքներ, որոնք այլ ջրագծից խմելու ջուր են ստանում:
Բաղանիսի խմելու ջրագիծը կառուցվել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Այդ գրասենյակի շինարարական ծրագրերի ղեկավար Գեորգի Գեւորգյանն ասաց, որ ջրագծի շինարարությունը կատարվել է որակով, այն իրականացրել է «Բլեսկ» շինարարական կազմակերպությունը: Գ. Գեւորգյանը հայտնեց, որ կառուցված ջրագիծը շուրջ մեկ տարի առաջ հանձնվել է Բաղանիսի գյուղապետարանին: Նա ասաց, որ Բաղանիսում խմելու ջրի խնդիրը կապված չէ ջրագծի շինարարության հետ, դրա պատճառը ջրաբաշխումն է, այն, որ գյուղում ջրաչափեր տեղադրված չեն:
Մեկ տարի առաջ հայտնել ենք, որ 2016թ. հուլիսի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բաղանիսում ծանոթացել է գործարկված խմելու ջրագծին: 263 միլիոն դրամ արժեքով խմելու ջրագծի շինարարության համար Բաղանիս համայնքը ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով պահանջվող ներդրում չէր կարող ապահովել, համայնքի փոխարեն այդ գումարը, որպես բարեգործություն, ներդրել է «Վարդանյաններ» հիմնադրամը: Նարեկ Սահակյանը մեկ տարի առաջ հայտնել է, որ ծրագրի արդյունքում Բաղանիսը շուրջօրյա ջրամատակարարում կունենա:
Մեկ տարի է՝ Բաղանիսում խմելու ջրագիծը կառուցված է, սակայն սահմանամերձ գյուղի բնակիչները ջուր են ստանում 4 օրը մեկ, շուրջ 50 ընտանիք ընդհանրապես ջուր չի ստանում: Բաղանիսում ջրաչափեր տեղադրված չեն, ե՞րբ դրանք կտեղադրվեն, համայնքը՞ կիրականացնի խմելու ջրագծի սպասարկումը, թե՞ այն կհանձնվի «Վեոլա Ջուր» ընկերությանը: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար բազում անգամ զանգահարեցինք Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանին, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ