Մոտ մեկ ամիս է Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախտանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում:
Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով, հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որը կից է իրենց համայնքի սարերին: Ասում է գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Տարբեր ձեւի վարակվել են՝ ոտքից, գլխից, բերանից եւ այլն: Մի 2 ամիս առաջ մի քանի դեպք եղավ: Բայց, որ սենց վտանգավոր եղավ ու տարածվեց, շոգ եղանակային պայմանները նպաստեցին: Մարտ ամսին գյուղում անասուններին վակցինացրեցին, բայց չօգնեց: Հիմա բուժումներ ենք անում: Ես էլ, անասնաբույժն էլ անընդհատ գնում ենք սարերը, որ տեսնենք ինչ վիճակ է: Բուժում է անհրաժեշտ, գոնե մեկ շաբաթ առավոտյան ու երեկոյան պետք է դեղերն օգտագործես, որպեսզի բուժվեն կենդանիները: Շոգերն էլ են նպաստում, որ հիվանդությունը տարածվի»:
Արարատ Քոչարյանն ասում է, որ իրավիճակի մասին տեղյակ են պահել համապատասխան կառույցներին. «Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակվել»:
Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը նույնպես հավաստիացրեց, որ խնդրի մասին մասնագետները տեղյակ են, փորձում են ամեն կերպ օգնեն գյուղացիներին. «Մասսայական, որ դեպք գրանցվի սա առաջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում, ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երեւանից, սննդի անվտանգության տեսչությունից էլ են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»:
Հիվանդության հետեւանքով գյուղացիները զրկվել են նաեւ կաթնամթերքն օգտագործելու ու վաճառելու հնարավորությունից: Ասում են՝ բացի կենդանու հիվանդ լինելը, նաեւ այս առումով են տուժում:
-Գարնանը կանխարգելիչ սրսկում են արել, բայց չի օգնում: Ամբողջ տարին պահում ես, մեկ էլ մի հիվանդությունից սատկում է անասունն ու ամբողջ չարչարանքդ ջուրն է լցվում, ոչ մի արդյունք չես ստանում: Դաբաղի դեպքում էլ վտանգավոր է հիվանդ կովի կաթն օգտագործել: Չենք կարողանում կաթ ստանանք: Գոնե հանձնում էինք, էլի օրվա եկամուտ էր: Հիմա եկամուտը չի գալիս, բայցի այդ բուժման համար էլ, որ դեղ ենք առնում, մոտ 15.000 դրամ է: Տեսնենք, մինչեւ երբ է սենց շարունակվելու,- ասում է Դսեղի բնակիչ տիկին Քնարիկը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ