ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտպանեց այն օրինագիծը, որով նախատեսվում է զգալիորեն կրճատել օրինական ներգաղթը ԱՄՆ-ը և ներմուծել աշխատանքային վիզաների տրամադրման բալային համակարգ, CNN-ի կայքում գրում է Թալ Կոպանը:
Ծրագիրը նման է այն համակարգերին, որոնք կիրառվում են Ավստրալիայում և Կանադայում (որոնց Թրամփը հաճախ գովաբանում է). ըստ դրա՝ պոտենցիալ ներգաղթյալները միավորներ են հավաքում տարբեր կատեգորիաներում գնահատականների արդյունքներով: Այդ համակարգի համաձայն՝ ամենամյա քվոտայով հասանելի 140 հազար վիզա կտրամադրվի առաջին հերթին նրանց, որոնք կստանան առավելագույն բարձր միավորները:
Ծրագրի համաձայն (եթե այն հաստատի Կոնգրեսը, ինչը հեշտ չի լինի) առանց հատուկ հանգամանքներ հաշվի առնելու, առավելագույն բարձր միավորների հույս կարող է ունենալ, օրինակ 26-31 տարեկան թեկնածուն, որը ԱՄՆ-ում ստացել է դոկտորական կամ մասնագիտական աստիճան: Բացի այդ, նա պետք է գրեթե գերազանց տիրապետի անգլերենին և այնպիսի աշխատանքի առաջարկ ունենա, որը 3 անգամ գերազանցում է համապատասխան շրջանի միջին եկամուտը:
Դուք օլիմպիական մեդալ ունեք կամ Նոբելյան դափնեկի՞ր եք: Դա նույնպես ձեզ միավորներ կտա:
Վիզայի հայտ ներկայացնելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 30 միավոր:
Միավորները կհաշվվեն հետևյալ կերպ.
Տարիք
Նախապատվությունը կտրվի հիմնական աշխատունակ տարիքի թեկնածուներին: 18-21 տարեկան թեկնածուն կստանա 6 միավոր, 22-25 տարեկանը՝ 8, իսկ 26-30 տարեկանի օգտին կգրանցվի 10 միավոր:
Առավել բարձր տարիքի թեկնածուների համար միավորները կսահմանվեն նվազող սանդղակով. 31-35 տարեկան թեկնածուներին կտրվի 8 միավոր, 36-40 տարեկաններին՝ 6, 41-45-ին՝ 4 միավոր, իսկ 46-50-ին՝ 2 միավոր:
Մինչև 18 տարեկան անչափահասներին և 50-ին բարձր տարիք ունեցողներին միավոր չի տրվում: Այնուամենայնիվ, 50 տարեկանից բարձր մարդիկ դեռ կարող են վիզայի հայտ ներկայացնել:
Կրթություն
Միավորները հաշվվում են՝ հաշվի առնելով թեկնածուի կրթությունը: ԱՄՆ միջնակարգ դպրոցի կամ օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ դրան համարժեք վկայական ունեցողներին տրվում է մեկ միավոր: Արտասահմանում բակալավրի դիպլոմ ունեցողներին տրվում է 5, իսկ ամերիկյան բակալավրի աստիճանի համար՝ 6 միավոր:
Օտարերկրյա համալսարանի ճշգրիտ գիտությունների ոլորտում մագիստրոսի դիպլոմ ունեցողներին տրվում է 7 միավոր, իսկ ԱՄՆ-ում ստացավ մագիստրոսի աստիճան ունեցողներին՝ 8 միավոր: Ոչ ամերիկյան դոկտորական կամ մասնագիտական աստիճան ունեցողներին տրվում է 10, իսկ ամերիկյանին՝ 13 միավոր:
Անգլերենի տիրապետում
Միավորներ տրվում են նաև անգլերենի իմացության համար, որը որոշվում է անգլերենի ստանդարտ թեսթով:
60 տոկոսից ցածր թեսթի արդյունք ունեցողներին միավորներ չեն տրվում: 60-80 տոկոս անգլերենի իմացություն ունեցողներին տրվում է 6 միավոր, առավել բարձր իմացության դեպքում՝ 80-90 տոկոս, 90 տոկոս և ավելի, 100 տոկոս, գնահատվում է համապատասխանաբար 10, 11 և 12 միավորներով:
Եթե դուք ունեք աշխատանքի տեղավորման պաշտոնական առաջարկ
Աշխատանքի տեղավորման հարցում միավորներ շնորհելու համակարգի միակ կետը աշխատավարձն է: Դա արված է աշխատավարձի աճը խթանելու համար:
Եթե հայտ ներկայացնողն ունի աշխատանքի հրավեր, և դրանով նախատեսվում է տվյալ նահանգի ընտանիքի միջին եկամտի առնվազն 150 տոկոսի չափով աշխատավարձ, ապա նրան կտրվի 5 միավոր: Եթե նախատեսվող աշխատավարձի մակարդակը կազմում է նահանգի միջին եկամտի 200 կամ 300 տոկոսը, միավորները լինում են համապատասխանաբար 10 կամ 13:
Նոբելյան մրցանակ
«Ականավոր ձեռքբերումների» համար նույնպես նախատեսված են բոնուսային միավորներ, որոնք հիմնականում կլինեն խոշոր միջազգային մրցանակների համար: Առաջարկվող համակարգով Նոբելյան դափնեկիրներին կամ «նմանօրինակ» մրցանակ ունեցողներին կտրվի 2 միավոր:
Օլիմպիական մրցանակներ
Օլիմպիական խաղերում կամ նմանատիպ միջազգային մարզական մրցույթներում անձնական հաշվին մեդալ գրանցած թեկնածուների համար նախատեսվում է 15 միավոր:
Ներդրողներ
Օրինագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի չեղարկել այն կատեգորիայի վիզաները, որոնք տրվում են EB-5 ծրագրով՝ ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների խթանման համար: Այդ ծրագրից, ի դեպ, օգտվել է Թրամփի փեսայի՝ Ջարդեդ Քուշների ընտանիքը՝ անշարժ գույքի ոլորտում խոշոր նախագծերի իրականացման համար:
Ըստ ծրագրի՝ հայտատուն, որը 1.35 մլն դոլար կներդնի ԱՄՆ տարածքում այնպիսի «նոր կոմերցիոն ձեռնարկության» ստեղծման մեջ, որը կաշխատի 3 տարի, և որի ղեկավարումը կլինի հայտատուի հիմնական գործունեությունը, կստանա 6 միավոր: Եթե ներդրումների ծավալը կազմի 1.8 մլն դոլար, միավորների թիվը կլինի 12:
Ամուսիններ
Նոր օրինագծի համաձայն՝ հայտատուները, որոնց կցանկանան իրենց հետ բերել իրենց կողակցին, պետք է հաշվեն այն միավորները, որոնք իր կինը կամ ամուսինը կարող էին ստանալ նույն կատեգորիայում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ