Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեծում են նրա համար, որ կին է». ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժող կնոջ նկատմամբ ամուսնու բռնությանը, մինչդեռ հակառակը սենսացիա է դառնում

Օգոստոս 07,2017 19:03

«Գենդերային հիմքով տարածված բռնություն է կնոջը ծեծի ենթարկելը, այդ պատճառով էլ հասարակությունն ավելի հանդուրժող է, երբ կնոջ նկատմամբ է կիրառվում բռնություն: Տվյալ դեպքում արձագանքն ավելի սուր է, քանի որ հիմնականում տղամարդն է կնոջը ծեծում, հակառակը հասարակության համար ընդունելի չէ» ,-Aravot.am-ի հարցին` այդ ինչպե՞ս է, որ երբ տղամարդն է բռնարարը, հասարակությունը, նույնիսկ դատական ատյաններն ավելի հանդուրժող են, քան երբ կինն է բռնություն գործում ամուսնու նկատմամբ, այսպես պատասխանեց «Կանանց իրավունքներ» ՀԿ հոգեբան Արփինե Արգուշյանը:

Նշենք, որ Արմավիրի մարզի դատարանը Սոկրատ Հ.-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով ու դատապարտել է տուգանքի՝ 100 հազար դրամի չափով, այն դեպքում, երբ նա հարվածել է կնոջ գլխին, մեջքին, ձեռքերին ու մարմնի այլ մասերին՝ կնոջ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ճակատի միջնամասի ու ձախ կեսի, աջ ակնակապիճի, պարանոցի, կրծքավանդակի հետին մակերեսի միջթիակային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի թիակային ու ստորթիակային շրջանների, կրծքավանդակի ձախ կեսի հետին-կողմնային շրջանի, ձախ ուսահոդի, ձախ նախաբազկի շրջանների արյունազեղումների, ձախ բազկի ու կոնքի ձախ կեսի ենթամաշկային արյունահավաքների, աջ նախաբազկի քերծվածքների ձևով:

Մեկ այլ դեպքով էլ ամուսինը 34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով` անզգուշությամբ մահ է պատճառել։ Այս դեպքերի առիթով հասարակական մեծ աղմուկ չբարձրացավ: Կան մի շարք այլ դեպքեր, երբ ամուսինը բռնության է ենթարկել կնոջը, կացնահարել նրա մորը, սակայն կրկին, հասարակության շրջանում այդ դեպքերն այնպիսի լայն քննարկում չեն գտնում, ինչպես Արմավիրի մարզպետի խորհրդականի` կնոջ կողմից սպանությունը, որը ըստ էության սենսացիա է դարձել:

Արփինե Արգուշյանը, խոսելով այս 2 դեպքի հասարակության` նման վերաբերմունքի պատճառների մասին, ասաց. «Վերաբերմունքը տարբեր է, քանի որ մեկն արվել է տղամարդու, մյուսը` կնոջ կողմից: Հասարակության` նման վերաբերմունքի պատճառներից մեկն այն է, որ կնոջ դերը մեր հասարակության մեջ արժեզրկված է»:

Հոգեբանը նշեց, որ, իհարկե, ոչ մի դեպքում սպանությունը արդարացվել չի կարող,  բայց մյուս կողմից էլ տղամարդու կատարած նման արարքը, երբեմն, արդարացվում է հասարակության կողմից, քանի որ «կինն իրեն խելոք չպահեց», ամուսինն էլ, հետևաբար կարող է բռնություն գործադրել, ինչն էլ հանգեցնի մահվան»:

Մեր հարցին` որտեղի՞ց  նման եզրահանգումը, Արփինե Արգուշյանն ասաց, որ Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետների փորձը վկայում է վերոնշյալի մասին, ինչպես նաև այն մասին, որ, դժբախտաբար, ամուսինները չեն զղջում իրենց կատարածի համար:

Խոսելով մարզպետի խորհրդականի սպանության մասին` հոգեբանը նշեց, որ դեպքին ծանոթ է միայն ԶԼՄ-ների լուսաբանումից, ուստի հնարավոր չէ դեպքը ամբողջությամբ գնահատել, բայց չէր բացառում, որ այն կարող է պայմանավորված լինել երկար տարիների ընթացքում պարբերաբար ընտանեկան բռնության ենթարկվելու հանգամանքով, որն իր հերթին էլ հանգեցրած լինի հոգեբանական խնդիրների:

Հոգեբանը եզրափակեց. «Հաճախ տղամարդու կողմից բռնություն կիրառելը խթանվում է հասարակության կողմից հանդուրժողականությամբ, անպատժելիության մթնոլորտով, իշխող կարծրատիպերով: Ընդունելի է համարվում բռնությունը, և հենց դրանից էլ կնոջ դերն արժեզրկվում է: Սովորական է այն մտածելակերպը, որ ես քեզ կարող եմ խփել, բայց դու այդ իրավունքը չունես»:

Արփինե Արգուշյանը պատմեց, որ հաճախ իրենց հարցնում են` իսկ ինչո՞ւ բռնության ենթարկված տղամարդկանց իրավունքները չեն պաշտպանում, նա պատասխանեց,  որ իրենք նման ահազանգեր չեն ստանում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    կանխամտածված,սառնասրտորեն հաշվարկված սպանությունը ավելի դատապարտելի է,քան անզգուշորեն կամ ոչ կանխամտածվածը,կին թե տղամարդ լինելը կապ չունի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031