Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սարի թաղի գործով» նիստին, ինչպես արդեն հայտնել ենք, քննարկվեց Հարություն Թորոսյանին կալանքից գրավով ազատելու, խափանման միջոցը փոխելու հարցը: Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Դատավորը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ առաջ նա հրապարակեց որոշումը՝ մերժել միջնորդությունը եւ կալանքը թողնել անփոփոխ: Հարություն Թորոսյանը սրտի հիվանդություն ունի եւ բուժօգնություն է ստանում քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունիում», քանի որ քրեակատարողականը չունի հնարավորություն համապատասխան բուժօգնություն տրամադրել:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նիստից հետո հայտարարեց, որ անպայման բողոքարկելու է որոշումը: Այն կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում՝ Վերաքննիչում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ