Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի ափին. երկու փառատոն մեկ վայրում

Օգոստոս 07,2017 16:46

Սևանցիներին ու Սևանի հյուրերին, ափին իրենց հանգիստը վայելողներին, այստեղով անցնող զբոսաշրջիկներին օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, կմիավորի երկու փառատոն` երաժշտական և ձկան համտեսի: «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած արդեն եռամյա կենսագրություն ունեցող «Սևան» երաժշտական փառատոնն այս տարի էլ մասնակիցներին հրավիրում է` վայելելու բարձրաճաշակ երաժշտություն:

Փառատոնի կազմակերպիչներից Մերի Մկրտչյանը նշում է, որ երիտասարդ մասնակիցները բեմ են դուրս գալու՝ հանրության ուշադրությանը նորովի ներկայացնելու դասական հայ երաժշտությունն ու ցանկացած այլ ժանրի օրիգինալ ստեղծագործություն: Մասնակցելու են ինչպես երաժշտախմբեր, այնպես էլ անհատ կատարողներ:

«Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպիչների հավաստմամբ` երաժշտության շուրջ միավորվելու գաղափարը ոչ միայն արդարացված է, այլ նաև անհրաժեշտ:

Սա միաժամանակ բարեկամության, նոր ծանոթությունների, հետագա համագործակցության լավագույն հարթակ է, որը նպատակ ունի տարեցտարի ընդլայնելու իր աշխարհագրությունը և լճի ափից մուտք գործելու քաղաք:

Երաժշտական փառատոնը զուգակցվելու է ձկան համտեսով:

«Փառատոնի շրջանակներում Սևանը հյուրընկալելու է Սեդրակ Մամուլյանի խոհարարական դպրոցի աշակերտներին՝ պատրաստելու համեղ տեղական ձկնային ուտեստներ փառատոնի քաղցած և հետաքրքրասեր այցելուների համար: Ընտանիքների համար կառաջարկվեն նաև զովացուցիչ ըմպելիքներ, տնական կոմպոտ, խորտկեղեն»,- ասում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը:

Այս նախաձեռնությունը լճի բարիքները նորովի ներկայացնելու, ձկից պատրաստվող կերակրատեսակները համտեսելու, ինչպես նաև Սևանա լճին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու ինքնատիպ հնարավորություն է:

Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` փառատոնի հիմնական նպատակից բացի, այն է` երևան հանել և բարձրացնել մեր ստեղծագործ հայ երիտասարդ տաղանդներին, փառատոնը նաև մեծ կարևորություն է տալիս Սևանա լճին՝ որպես ապագա սերունդների համար կարևոր բնական ռեսուրսի: Հետամուտ լինելով բնության պահպանությանը` «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից մասնակիցներին տրամադրվելու են էկո-բաժակներ:

Օրվա ընթացքում կազմակերպվելու են նավակով շրջագայություններ՝ բացահայտելու լճի շրջակա տարածքներն:

Փառատոնի կազմակերպիչները բոլորին հրավիրում են Սևան` հանրային թիվ 1 լողափ, հանգստի մեկ օրն անցկացնելու առավել բովանդակալից և հետաքրքիր, նաև հիշեցնում են, որ մուտքն ազատ է և երեկոյան էլ կշարունակվի զվարճանքը    DJ-ի մասնակցությամբ:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031