Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնո՞ւմ եք ցմահ ազատազրկված անձի նույնիսկ կալանքը եվրոդատարանում ճանաչվել է ապօրինի». Լիպարիտ Սիմոնյան

Օգոստոս 07,2017 16:45

Ինչպես տեղեկացրել ենք, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սարի թաղի» գործով նիստին դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալ Հարություն Թորոսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Մենք Հարություն Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին հարցրեցինք՝ եթե կալանքը չփոխվի, դա ի՞նչ հետեւանքներ կունենա Հարություն Թորոսյանի կյանքի, առողջության վրա՝ նա պատասխանեց. «Հարություն Թորոսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց, հատուկ բուժզննում է անցել եւ նրան ցուցվել է մշտական հսկողություն: Եթե համապատասխան մասնագետներ ունենար դատապարտյալների հիվանդանոցը, չէր տեղափոխի Էրեբունի: Իր մասնագետները կհետազոտեին այնտեղ»:

Մենք վկայակոչեցինք մեղադրող կողմի հակափաստարկը, նա ասաց, որ դա հիմք չէ ասելու, որ պետությունը չի կատարելու իր պարտականությունը եւ քրեակատարողականում նրա առողջական խնդիրներով չեն զբաղվելու՝ Լիպարիտ Սիմոնյանն արձագանքեց. «Այն բոլոր նիստերին, որտեղ խափանման միջոցի հարց է քննվում, չկա մի դեպք, երբ մեղադրողն ասի՝ այ այս դեպքում հա, էլի, բերեք փոխենք, պետք է: Էնքան որ ասում են, էլի»:

Ըստ Լիպարիտ Սիմոնյանի, «Սարի թաղի» գործով կալանավորվածները նույնիսկ զանցանք չեն արել, ուր մնաց հանցագործ լինեն:

Մեր հարցին, որ ամբաստանյալներից ոմանք նախկինում էլ դատապարտված են եղել, դա չի՞ անդրադառնա այս գործի վրա՝ Լիպարիտ Սիմոնյանը պատասխանեց. «Անձինք կան, որ, այո, նախկինում դատապարտված են եղել, բայց չի կարելի դա բերել եւ ինչ-որ ձեւով կապել սրա հետ: Հիմա մարդ է, ուրիշ գործով դատապարտվել է, բայց այս գործով մեղադրանքի որոշումը կարդալուց հասկանում ես, որ այն անորոշ է, անձը չգիտի՝ իր արած կոնկրետ որ գործողության համար է ինքը այսօր հայտնվել այստեղ: Գրված է՝ այսինչը, այնինչը եւ այլոք կատարել են այսինչը, չի ասվում՝ Պետրոս Պետրոսյանը հարվածել է այս ոստիկանին: Հիմա պարզվում է, որ այլոց կատարած ինչ-որ գործողության համար, որն իրենք ենթադրում են, կարող է Հարությունը, Էդուարդը եւ մյուսը հանիրավի դատապարտվեն: Էդուարդը նաեւ մեղադրվում էր խուլիգանության գործով, արդարացվել է: Պաշտպանն էլ հանրային պաշտպան է եղել: Մինչեւ այդ ասում էին՝ ըհը, մի հատ այնտեղ խուլիգանության հոդված կա, այստեղ էլ 316 հոդված: Բայց մարդն արդարացվեց»:

Վկա ոստիկանները դատական նիստում դեմքով չճանաչեցին ամբաստանյալներին: Ըստ ոստիկանների, ամբաստանյալները պատերից քարեր են պոկել ու նետել, մինչդեռ այդ տարածքի պատերի քարերը բավականին խոշոր են եւ մեծ, դա հնարավոր չէր պոկել: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ սա խոսում է մեղադրանքի անորոշության մասին, ուղղորդված լինելու եւ ուռճացնելու մասին. «Ես չեմ ասում, որ միջադեպ չի եղել, բայց փաստն ապացուցում է, որ նրանց միջեւ խոսակցությունները տեղի են ունեցել զուտ կենցաղային հողի շուրջ»:

Լիպարիտ Սիմոնյանը հիշեցրեց. «Հատկապես վերջին շրջանում, չգիտես ինչու, գլխավոր դատախազը սկսեց խոսել խափանման  միջոցների հարցից: Խափանման միջոցը պետք է կալանքն ընտրել ծայրահեղ դեպքում, մեզ մոտ հակառակն է, չի ընտրվում կալանքը ծայրահեղ դեպքերում: Ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը իմ պաշտպանյալն է, Եվրոպական դատարանում կարողացանք հասնել նրան, որ իր կալանքն ապօրինի է, տեսնո՞ւմ եք ցմահ ազատազրկված անձի նույնիսկ կալանքը ճանաչվել է ապօրինի, իսկ այս մարդիկ, որ վատառողջ են, անորոշ մեղադրանքի պայմաներում բոլորը գտնվում են կալանքի տակ ու դատական նիստը «Սասնա ծռերի» գործի պատճառով չի լինում: Այդքան անձնակազմ չունեն, որ այստեղ էլ բերեն, այնտեղ էլ տանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031