«Անկեղծ ասած, վերջին տարիներին Ռուսաստանի հետ համագործակցությունից ոչ միայն ԵԱՏՄ մասով, այլ ընդհանրապես, ոչ մի ուրախություն չեմ զգում ու չեմ զգացել»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով ռուս վերլուծաբան Մոդեստ Կորելովի այն դիտարկմանը, թե «ԵԼՔ-ը պիտի ուրախանար, որ նման խնդիր կա: Այս հարցը կարող է լուծվել ԵԱՏՄ անդամ լինելով, չի կարելի պայքարել խնդրի լուծման համար, բայց դուրս գալ ԵԱՏՄ-ից», այսպես պատասխանեց ԵԼՔ դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ԵԼՔ-ի ներկայացուցիչների` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններին, հիշել էր այն, որ ԵԼՔ-ը հայաստանյան վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու արգելանք սահմանված լինելու հարցով պահանջ էր ներկայացրել: Այնուհետև ռուս վերլուծաբանը նշել էր. «Չի կարելի ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ անել և միաժամանակ հարցը կարգավորելու պահանջ ներկայացնել»:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ դա ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի մասին հայտարարություն չի եղել, այլ ԵԼՔ-ի կարկառուն ներկայացուցիչներից երկուսի հայտարարությունը:
Ուրախ լինելու առումով պարոն Սիմոնյանը հավելեց. «Այդ գերտերության վերաբերմունքը, պաթոսն ու հավակնությունները միշտ խանգարել են մեր երկրների հարաբերություններին: Իսկ այն արտահայտությունը, որ մեջբերեցիք, դրա վառ ապացույցն է: Դա թեթև շանտաժի է նման: Ինչո՞ւ պետք է թեկուզ ՀՀ երրորդ քաղաքական ուժը ինչ-որ բաներից ուրախ լինի: Այդ Ռուսաստանը պետք է շատ ուրախ լինի, որ այն շրջափակման մեջ, որում գտնվում է, ունի Հայաստանի պես փոքր, բայց հավատարիմ դաշնակից, որը միջազգային տարբեր հարթակներում սատարում է ՌԴ-ին, զենք չի վաճառում և ռազմական օգնություն չի ցուցաբերում ՌԴ թշնամիներին»:
Պարոն Սիմոնյանի համար ընդունելի չէ այն, որ ռուս գործընկերները խոսում են «եթե»-ներով, սակարկելով: Նա կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները լուրջ վերանայման կարիք ունեն, և այդ խնդիրը ոչ թե միայն վարորդական իրավունքների մեջ է, այլ ընդհանուր համագործակցության մակարդակի փոփոխման. «Եթե մենք այդպես սակարկման քննարկում ունենք, արդյոք նույն վերլուծաբանը չի՞ կարծում, որ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը շատ ավելի մեծ դրդապատճառ ու ավելի մեծ առիթ չէ նման հայտարարությունների և վերաբերմունքի: Այսինքն` Հայաստանի դերը և գործոնն այս բանավեճի մեջ որպես գործընկեր շատ փոքր է: Այս խոսակցությունը և ԵԱՏՄ խնդիրները, բխում են գերտերության գերհաճույքներից և պահանջներից: Իրականում իրենք սխալ տեղ են փնտրում խնդիրը և դրա լուծումը»:
Մեր այն հարցին, արդարացված չէ՞ արդյոք այն մոտեցումը, որ եթե ԵԱՏՄ անդամ չլինի Հայաստանը, այսօրինակ խնդիրներն ավելի բարդ կլինի լուծելը, քանի որ հիմա գոնե ունենք ԵԱՏՄ-ում ներկայացուցիչ` հանձին Տիգրան Սարգսյանի, որին կարող են դիմել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե այդ պարագայում քաղաքական այլ իրավիճակում կլինենք: Նա հայտարարեց, թե այսօր խնդիր կա և այն պետք է լուծվի ու ոչ մշտապես ՀՀ-ի կողմից զիջումների և մեծ գերտերության համար հարմար տարբերակով:
Պարոն Սիմոնյանից հետաքրքրվեցինք` իսկ ԵԼՔ-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում ե՞րբ ընդհանուր հայտարարի կգա, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ նման խնդիր չկա, այլ ունեն միայն հայտարարության խնդիր, ինչն ըստ քաղաքական նպատակահարմարության և ըստ ԱԺ գալիք նստաշրջանում եղած տրամադրությունների կորոշեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ