Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ Հովնաթան Ավետիսյանը շաբաթ եւ կիրակի օրերին Մաշտոցի պողոտային հարակից հատվածում՝ Մանկական երկաթուղու թունելի դիմաց գործող գյուղմթերքի շուկայի վաճառականներից է: Գնորդներին առաջարկում է սեփական այգու բարիքները՝ հաղարջ, ծիրանաչիր, սալորաչիր:
Aravot.am-ի հետ զրույցում նա շեշտում է՝ չրերը բնական են, արեւի տակ չորացված՝ առանց շաքարաջրի: Հովնաթան պապի սեղանին աչքի են ընկնում «Օձի ծաղիկ» անունով հայտնի բույսի պտուղները: Ասում է՝ քչերը գիտեն, որ հոդացավի դեմ ուժեղ դեղաբույս է: «Սրանից մուրաբա էլ են եփում, թթու են դնում: Մեր դաշտերի դեղաբույսերից էլ եմ հավաքում՝ վաճառում»,-պատմում է նա:
Հովնաթան Ավետիսյանի խոսքով՝ գյուղացու կյանքը հեշտ չէ. «Մի կերպ ընտանիք ենք պահում, չենք հասցնում, ինքներս մեզ ենք խաբում…Ոչ մի լավ բան չկա, հատկապես՝ ոռոգման ջուր: Ոսկեվազում հուլիս-օգոստոսին շուրջ չի հասնում, հողատարածքների 70 տոկոսն անմշակ է, «աէրոպորտ» ոնց որ լինի: Իմ բաղն էլ է անմշակ, մեկ հեկտար ունեմ, լուցկին գցես՝ հրդեհ կլինի, Ոսկեվազի կեսը կվառվի…Իսկ Ոսկեվազը մեծ գյուղ է: Ուղղակի խնդրում ենք գյուղատնտեսության նախարարին եւ վարչապետին՝ ոռոգման ջրի հարցով զբաղվեք, դա ամենակարեւոր խնդիրն է: Տասը տարի խոստանում են, բայց չեն անում»:
Հովնաթան պապը նաեւ նշեց, որ գյուղմթերքի շուկայի պայմաններից գոհ է, բայց գյուղացիները կուզենային, որպեսզի այն ամեն օր գործի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ