Մենք պարտավոր ենք առանձնահատուկ կարևորությամբ գիտակցել մեր բնության արժեքների բացառիկ նշանակությունը։
Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի հայրենի բնության կենսաբազմազանությանը և էկոհամակարգին: Այն կհանգեցնի էկոհամակարգի բազմաթիվ օրգանիզմների մահվան, օդի եւ ջրի աղտոտման: Կոչնչացվեն բույսերի և կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և անդառնալի վնաս կհասցնեն մարդկանց առողջությանը:
Հանքի շահագործումը կվնասի ոչ միայն մոտակա բնակավայրերին, այլ նաև մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարներին՝ Սևանա լճին, Ջերմուկին, Որոտան, Արփա և Դարբ գետերին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներին։
Սա անընդունելի և մերժելի երևույթ է: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու և այս հանքի շահագործումը աներկբայորեն պետք է արժանանա հանրության համընդհանուր դատապարտմանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բացառում է նոր հանքերի շահագործման, Սևանա լճից ջրի բաց թողնման ու կանաչ տարածքների հաշվին կառուցապատման ծրագրերը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վնասաբեր ծրագիրը և միանում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության արշավին (www.change.org), որը տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին ստորագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և օֆշորային Lydian International ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով և կոչ է անում հանրային լայն շերտերին ակտիվ նախաձեռնությամբ միանալ խնդրի բարձրաձայնմանը և համատեղ ուժերով ապահովել էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն