Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Ճապոնիայում բարձր IQ-ով երեխան «մտնում» է պետական ծրագրի տակ, իսկ մեզանում նրանցով զբաղվող չկա» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2017 15:07

Օգոստոսի 7-ին «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը և Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը։

Նրանք խոսեցին մի քանի թեմաներից` որո՞նք են այս տարվա ամենապահանջված մասնագիտություններն ու ֆակուլտետները, ինչպե՞ս են գնահատում կրթության մասին նոր նախագիծը, ի՞նչ խնդիրներ կան կրթության ոլորտում։

Վաչագան Գալստյանը փաստեց, որ երկու շաբաթ առաջ ավարտվել է ընդունելության գործընթացը, բոլոր փուլերով միասնական համակարգով հայտագրվել էր 9559 դիմորդ, ընդունվել է 8266-ը: Նրա ձեւակերպմամբ, անցյալ տարի 380-ով ավելի է եղել ընդունվածների թիվը` այս տարվա համեմատ: ԵՊՀ-ն էլ նրա խոսքով, 3000 վճարովի եւ 368 անվճար ու բանակի տարկետման իրավունքով տեղեր էր հայտագրել:

Պարոն Գալստյանը նշեց, որ պահանջված մասնագիտությունների թվում են ինֆորմատիկան, մշակութաբանությունը, իրավագիտությունը, սոցիալական աշխատանքը: Ընդ որում, նրա հավաստմամբ, այս մասնագիտությունների համար 1 տեղի համար 2 եւ ավելի դիմորդ է պայքարել:

Նա ափսոսանք հայտնեց, որ ֆիզմաթ եւ բնագիտական առարկաների գծով դիմորդների թիվը նվազել է: Վաչագան Գալստյանը նաեւ հիշեց, որ 1995-2008 թթ այդ ֆակուլտետներ հարցազրույցով էին ընդունում, ինչը հնարավորություն էր տալիս ուսանողներ ունենալ նշված մասնագիտությունների գծով:

Անահիտ Հարությունյանն էլ ասաց, որ այս տարի դիմորդների թվի պակաս չի եղել բժշկական եւ հումանիտար մասնագիտությունների գծով, անգամ իրենց բուհում աճել է արտերկրի դիմորդների թիվը: Տիկին Հարությունյանը հանրապետությունում դիմորդների թվի պակասը կապում է ընդհանուր բնակչության թվի պակասի եւ ոչ թե բուհի վատ աշխատանքի կամ զուտ շուկայի պահանջի հետ: Նրա համոզմամբ, առնվազն 5 տարի առաջ պետք է իրավիճակը կանխատեսած լինեինք, այդ դեպքում հնարավոր կլիներ պատկերը մեղմել:

Ահարոն Ադիբեկյանը ահազանգում է` 10 տարում 85 բուհից 25-ը փակվել է: «Եթե անցնենք բուհերի արտոնագրման եվրոպական չափանիշներին, ապա երեւի 85000 ուսանողից հազիվ 45000-ը մնա»,-ասում է սոցիոլոգը: Նաեւ առաջարկում է, որ դպրոցներում վերականգնվի մասնագիտական կողմնորոշման ինստիտուտը:

Նրա խոսքով, եթե օրինակ, ճապոնական մի գյուղում բարձր IQ-ով երեխա են գտնում, անպայման նա «մտնում» է պետական ծրագրի տակ, Հայաստանում, նման երեխաներով ոչ ոք չի զբաղվում: «Եթե անգամ աղջկա IQ-ն բարձր է, մտածում են, այնպիսի տեղ ընդունվի, որ վաղը-մյուս օրն ամուսնանալուն չխանգարի»,-հավելում է նա:

Բանախոսները ընդունեցին, որ թույլ է բուհ-աշխատաշուկա կապը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Haik says:

    Սոցիոլոգի «Ճապոնիայում բարձր IQ-ով երեխան «մտնում» է պետական ծրագրի տակ» պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031