Բաքվում 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է երկրի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի թոռը՝ Նաիլ Ալլահվերդիևը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:
Ըստ հայտարարության՝ օգոստոսի 3-ի երեկոյան Ալլահվերդիևը Mercedes Gelandewagen ավտոմեքենայով ավտովթարի պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Վթարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, քանի որ պարզվել է՝ Ալլահվերդիևը փոխվարչապետի թոռն է:
Հասանովը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը՝ հայտարարելով, որ «իրավական պետությունում պատասխանատվությունը կրում է անհատական բնույթ»:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ալլահվերդիևը կալանավորվել է 4 ամսով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ