ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների
նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հարցազրույցն «Առավոտին»
Այս տարվա մայիս ամսից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք: Սահմանափակումը ընդունվել էր անցած տարի նոյեմբերին: Դրանց մեջ են մտնում գրեթե բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը: Այս առիթով Հայաստանի՝ Վրաստանին սահմանամերձ բնակավայրերի բնակիչները իրենց դժգոհությունն են արտահայտել, ընդհուպ մինչեւ ճանապարհներ փակել եւ խոչընդոտել են խոշոր բեռնատարների մուտքը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների մասով սահմանափակումներ միշտ էլ գործել են: Կան սահմանափակումներ, որոնք ԵԱՏՄ-ի շրջանակում են, դրանք գործում են, առաջիկայում նոր սահմանափակումներ չեն սկսելու գործել: Մյուս սահմանափակումները վերաբերում են երկրների ներսում գոյություն ունեցող սահմանափակումներին:
– Մենք ունենք կառավարության որոշումով հաստատված ապրանքների ցանկ եւ սահմանված առեւտրային չափաքանակներ, որոնցից ավելի ներմուծելու դեպքում արդեն համարվում է առեւտրային նպատակ, եւ իրականացվում են մաքսային ձեւակերպումներ: Կոնկրետ այս պարագայում խոսքը սննդի անվտանգությանն է վերաբերում: Եթե այս սահմանափակման կիրառումը չունենանք, Հայաստանը վտանգի տակ կհայտնվի: Այս դեպքում խոսքը ոչ թե մաքսային վճարների մասին է, այլ պահանջվում է սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատ, որը հավանաբար վճարովի է, ու այդ վճարի մասին է խոսքը:
– Պարոն Ազիզյան, կոնկրետ վերոնշյալ պարագայում մենք բախվում ենք սահմանամերձ բնակավայրերի մեր բնակիչների ապրուստի խնդրի հետ, ու առեւտուրը կարծես նրանց ապրուստի միակ միջոցն է: Երբ սահմանափակումներ եք դնում, մտածո՞ւմ եք՝ այդ մարդիկ ինչպես են ապրելու:
– Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ խնդիրը գոյություն ունի, նաեւ Վրաստանի մեր հայրենակիցներն են ապրանք ներմուծում: Բայց այս պարագայում շատ կարեւոր է նաեւ, որպեսզի անհավասար պայմաններ չստեղծենք: Այսինքն՝ ընկերություններ, որոնք ներմուծում են տվյալ ապրանքը, վաճառում են այն եւ վճարում են բոլոր հարկերը, եւ փոքր, այսպես ասած, առեւտրական նպատակներով ներմուծված ապրանքներ: Կա խնդիր, որպեսզի դրանք գտնվեն նույն տիրույթում: Դրա համար էլ կառավարության որոշումն ընդունված է, որպեսզի հստակեցվեն չափաբաժինները, որոնցից ավելին արդեն համարվում է առեւտրային քանակ: Սա ԵԱՏՄ-ի հետ կապ չունի, մեր ներքին ընթացակարգերից է: Փորձենք եւս մեկ անգամ ուսումնասիրել ու հասկանալ՝ կա՞ն որոշակի խնդիրներ, որոնք լուծելու կարիք ունեն, հասկանալով նաեւ մեր հայրենակիցների ապրուստի միջոց համարվող գործունեությունը, որն իրենք իրականացնում են:
– Նրանց ի՞նչ այլընտրանք կառաջարկվի:
– Փորձենք հասկանալ՝ ի՞նչ հնարավորություններ կլինեն, որոնք թույլ կտան նրանց այդ գործունեությունն իրականացնելու, իհարկե՝ հասկանալով, որ դրանք խնդիրներ են հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար:
– Երբ խոսում ենք մանր եւ միջին բիզնեսի զարգացման մասին, չի՞ ենթադրվում որոշակի արտոնություններ:
– Դուք խոսում եք ֆիզիկական անձանց մասին, հետո ասում՝ մանր ու միջին բիզնես:
– Գուցե փորձ արվի նրանց ա՞յդ դաշտում տեղավորել:
– Ինձ թվում է՝ այդ հնարավորությունը մենք ունենք, եւ եթե իրենք գրանցվեն իբրեւ ընտանեկան բիզնես, հարկային օրենսգրքով ունենք արտոնություններ, որոնք կգործեն: Այսինքն՝ իրենք կվճարեն բավականին ցածր շրջանառության հարկ, որն իրենց համար լուրջ հնարավորություն է: Բայց պետք է փորձել այս աշխատանքներն իրականացնել եղած օրինական դաշտում: Հասկանալի է, որ մարդիկ փորձում են խուսափել, բայց եթե մենք գնում ենք օրինական դաշտ, պետք է նաեւ նրանց խնդիրները հասկանանք եւ կարգավորենք դաշտը, որպեսզի անհավասար պայմաններ չլինեն:
– Վերջերս Եվրասիական փորձագիտական ակումբը տվյալներ հրապարակեց, որոնք բավական խոստումնալից էին Ռուսաստանի տնտեսության աշխուժացման առումով, հետեւաբար նաեւ ԵԱՏՄ տարածքում տնտեսական աշխուժության: Սակայն դրան հետեւեց ԱՄՆ պատժամիջոցները ՌԴ-ի դեմ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում տնտեսական անկումը պայմանավորվել է Ռուսաստանի տնտեսությամբ, ԱՄՆ պատժամիջոցները ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա: Հակաքայլեր ունե՞նք:
– Ռուսաստանի տնտեսության վրա հիմնականում ազդեցություն են ունեցել ֆինանսական միջոցների մատչելիության սահմանափակումները: Այդ մասին խոսում են նաեւ Ռուսաստանի պաշտոնյաները: Դրա արդյունքները, իհարկե, մենք տեսանք. ռուսական ընկերությունները որոշ ժամանակ հայտնվեցին բավական բարդ վիճակում, որովհետեւ ունեին բավականին մեծ վարկային պորտֆելներ, որոնց սպասարկման համար խնդիրներ եղան: Նաեւ դրա հետեւանքն էր, որ 2015-16թթ. սահմանափակվեցին նաեւ ռուսական ընկերությունների ներդրումային հնարավորությունները Հայաստանում: Դեպքեր եղան նաեւ, երբ միջոցների արտահոսք եղավ՝ իրենց ունեցած վարկային պարտավորությունները փակելու համար:
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները եւս ուղղված են ֆինանսական միջոցների սահմանափակումներին, ինչը եւս ռուսական ընկերությունների ներդրումային հնարավորությունների վրա ազդեցություն կունենա: Ցանկացած պարագայում մեր հույսն այն է, որ բացասական ազդեցությունը հնարավորինս նվազագույն լինի: Բայց կարծում եմ, որ այս երկու տարում Ռուսաստանի տնտեսությունը ցույց տվեց, որ այդ պայմաններում անգամ ինքը բավականին փորձում է դիմագրավել: Նաեւ նկատում ենք, որ բնակչության մոտ կա գնողունակության աճ: Դա ցույց են տալիս նաեւ մեր արտահանման տեմպերը: Ռուսական տնտեսությունը սովորել է այդ պայմաններում գոյատեւել, նույնիսկ այս տարվա համար իրենք որոշակի աճ են նախատեսել: Իհարկե, աճը շատ սահմանափակ, բայց գոյություն ունի: Կարծում եմ, որ մեր հիմնական գործընկերներից մեկի նկատմամբ ցանկացած սահմանափակում իր ուղղակի եւ անուղղակի հետեւանքները կարող է թողնել, նաեւ ռուսական ընկերությունների կողմից մեր երկրում ակտիվ ներդրումների սահմանափակումներ էլ հնարավոր են: Միաժամանակ ռուսական ընկերությունների ակտիվությունը թույլ կտա ասել, որ ցանկացած դեպքում, նախկին տարիների համեմատ, մենք առաջընթաց կունենանք:
– Ռուսական ո՞ր ընկերություններն են հետաքրքրված Հայաստանում ներդրումներով:
– Այս փուլում քննարկում ենք տարբեր ծրագրեր, որոնք մասնավորապես վերաբերում են նրան, որ Հայաստանն ունի լավ ռեժիմներ, գործում են արտոնությունների համակարգեր երրորդ երկրների հետ՝ ԵՄ եւ այլն: Այս տեսանկյունից ռուսական ընկերություններին հետաքրքրում են այդ արտոնությունների ցանկերում ընդգրկված ապրանքատեսակները՝ համատեղ ձեռնարկությունների միջոցով Հայաստանում գործունեություն իրականացնելու մասով:
– Կոնկրետ օրինակներ կնշե՞ք:
– Օրինակ՝ խոսք է գնում այն մասին, որ «Ռուսալ-Արմենալը» նախատեսում է Հայաստանում մեծացնել իր արտադրանքի ծավալները: Իրենք հիմնականում արտահանում են եվրոպական եւ ամերիկյան շուկա: Քննարկումներ ունենք նաեւ, այսպես ասած, սարքավորումների արտադրության ոլորտում, որոնք նախատեսվում են օգտագործել եւ Հայաստանում՝ էներգետիկ ոլորտում, եւ հնարավորություններ ենք տեսնում նաեւ դրանց արտահանման: Քննարկվում են նաեւ գյուղատնտեսական ոլորտում համագործակցության ծրագրեր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին այս առումով Հայաստանի համար բավականին արդյունավետ համագործակցություն է գրանցվել Ծոցի երկրների հետ: Վերջին տվյալների համաձայն՝ նախկին տարվա համեմատ, այս կիսամյակում այդ ուղղությամբ արտահանումները գերազանցել ենք մի քանի անգամ:
Մեր արտահանման ցուցանիշները հետաքրքրություն են առաջացնում ռուսական ընկերությունների համար:
– Վարչապետ Կարեն Կարապետյանը կարողանալո՞ւ է մինչեւ տարեվերջ ապահովել նախընտրական շրջանում իր խոստացած 850 մլն դոլարի ներդրումները:
– Այդ 850 մլն դոլարի 40%-ը՝ մոտ 350 մլն դոլարը, այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արդեն իսկ ներդրված է: Մենք մեծ համոզվածություն ունենք, որ մինչեւ տարվա վերջ ծրագիրն ամբողջությամբ կիրականանա:
– Ի սկզբանե ԵԱՏՄ-ն մեզ հրամցվեց իբրեւ տնտեսական միություն, բայց ՀՀ-ի հիմնական գործընկերն այդ շրջանակում, ըստ պաշտոնական վիճակագրության, ՌԴ-ն է: Ուսումնասիրություններ կամ փորձեր արվե՞լ են ԵԱՏՄ մյուս երկրների հետ առեւտրատնտեսական շրջանառության հնարավորություններ ստեղծելու եւ, ի վերջո, ինչ-որ օգուտներ քաղելու այս միությունից:
– Ես միայն թվեր փաստեմ, որոնք ցույց են տալիս ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ աշխուժության մակարդակը: Օրինակ՝ Ղազախստանի հետ այս տարի մենք ունենք 34% արտահանման աճ: Արտահանվում է հիմնականում պատրաստի ապրանք՝ սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ: Ի դեպ, Հայաստանից ԵԱՏՄ երկրներ հիմնականում՝ 90%-ից ավելին, արտահանվում է պատրաստի արտադրանք: Եթե հանքարդյունաբերության ոլորտում արտահանում ենք հիմնականում Չինաստան եւ ԵՄ՝ հումքի տեսքով, ՌԴ արտահանվում է պատրաստի արտադրանք: Մեր արտահանման աճի ծավալները ցույց են տալիս, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, որովհետեւ մեր ընկերությունները բավականին դյուրացված մեխանիզմով են կարողանում արտահանել:
– Բայց վերջերս, կարծես, հենց ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ եղան:
– Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չեն եղել: Խնդիրը վերաբերում էր մեր փոքր ընկերություններից մեկի պայմանավորվածությանը: Արագ կարգավորեցինք այդ խնդիրը, ծիրանը հնարավոր եղավ սպառել: Եվ խնդիրը ոչ թե շուկա մուտք գործելուն էր վերաբերում, այլ բիզնես հարաբերություններին եւ պայմանավորվածություններին. մեծ ցանցային ընկերություններն ուզում են համագործակցել մեծ ընկերությունների հետ, որոնք կարողանում են ժամանակին եւ սահմանված քանակի ապրանք ապահովել: Փոքր ընկերությունների համար բավական դժվար է մեծ ցանցերի հետ աշխատել: Մենք փորձում ենք համախմբել այդ ապրանքները եւ լոգիստիկ տարբեր ընկերությունների հետ արտահանել: Իսկ եթե կան ընկերություններ, որոնք ուզում են ուղղակի արտահանել եւ խնդիրներ են ունենում, մեր ներկայացուցիչների միջոցով արագ կարգավորում ենք դրանք:
Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
05.07.2017