Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կարծիք Տավուշի բնակչությանը հուզող խնդիրների մասին

Օգոստոս 07,2017 14:00

Որո՞նք են Ադրբեջանին սահմանակից
մարզի հիմնական խնդիրները՝ մեկնաբանում են տավուշցիները

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, գրող Սամվել Բեգլարյան. «Տավուշի մարզի բնակչությանը հուզող հիմնախնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ, թե որ ծայրից սկսել: Ամենահիմնականը աշխատատեղերի պակասն է, որը նպաստում է արտագաղթին, եւ սահմանամերձ գյուղերի անպաշտպան լինելը: Ես նամակ եմ հղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ հարցրել՝ ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանական զինուժը ուղիղ նշանառությամբ կրակում է Հայաստանի բնակավայրերի, Հայաստանի քաղաքացիների վրա, եւ դրան պատասխան չկա: Դա ուղղակի եւ անուղղակի ձեւով արտագաղթ է ծնում: Մարզում մշակույթն անտեսված է, Տավուշը բառի բուն իմաստով ծայրամաս է: Հիմա այնպես են անում, որ մշակույթը հասկացվում է Երեւան, Երեւանի մեջ՝ Օպերայի չորսբոլորը, փոքր կենտրոն, մեծ կենտրոն, սակայն աշխարհում չկա այնպիսի բան, որ կենտրոնը, մայրաքաղաքն ապրի ինքն իրենով: Մեզ դրել են վերջույթի, վերջավորության տեղ, սակայն այս ծայրամասերն անհրաժեշտ են մայրաքաղաքի լինելու համար: Մենք անտեսված ենք: Կառավարությունում հույսեր ունեն, մեծ խոստումներ են տալիս, սակայն… խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ Նոյեմբերյանում էր գտնվում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ես նրա առջեւ հարց բարձրացրի, որ ժամանակին կային ակումբներ, մշակույթի տներ, ժողովրդական թատրոններ, որոնք գյուղերում, շրջաններում մշակութային կյանքն արթուն էին պահում: Նախարարն ասաց, որ այդ խնդիրը քննարկելու համար ես իրեն զանգահարեմ: 3 ամիս բազմաթիվ անգամ նրան զանգահարեցի, սակայն այդպես էլ չպատասխանեց: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի կառավարության ղեկավարը գալիս է Տավուշ, մարզի խնդիրներին նվիրված քննարկումներն անցկացնում է մեր մարզի ամենաապահով, գողտրիկ Դիլիջանում, թող նա քննարկումներն անցկացնի սահմանամերձ Բաղանիսում, Բարեկամավանում, Չինարիում: Եթե ինքը մի օր գիշերի Բաղանիսում, այլեւս հարցեր չի տա, իր համար պարզ կլինի, թե ինչն ինչոց է: Աշխատատեղեր ստեղծելու մասին նշեմ՝ վերջին 10-15 տարում ես չեմ հիշում, որ մարզում գործարան բացվի, փոքր, 20-30 աշխատատեղով արտադրամասեր են գործարկվել, սակայն դրանք վերքին սպեղանի չեն»:


«Պրոգրես» ՀԿ նախագահ, ուսուցիչ Գեղեցիկ Գուլակյան. «Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի տարածքում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները փակվեցին: Իջեւանի գորգագործական, բենտոնիտի եւ փայտամշակման կոմբինատները հազարավոր մարդկանց աշխատանքով ապահովում էին: Հիմա այդ կոմբինատները չկան, բենտոնիտի կոմբինատը հազիվ գոյատեւում է: Կառավարությունը պետք է մեղմացնի հարկային բեռը, որ գործարարները մարզում արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծեն: Տավուշի մարզը գյուղատնտեսական է, սակայն գյուղացու աշխատանքի արդյունքը կախված է երկնքից: Մարզի տարածքի մեծ մասում հակակարկտային կայաններ տեղադրված չեն, առկա հակակարկտային կայաններն էլ արդյունավետ չեն, դրանք գյուղացու բերքը չեն փրկում: Խորհրդային տարիներին գործող հակակարկտային հրանոթները դաշտերի բերքն ամբողջապես պաշտպանում էին կարկտահարությունից՝ երկնքում ցրելով կարկտաբեր ամպերը: Տավուշի համայնքները խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունեն, համայնքային նշանակության ճանապարհները վատ վիճակում են: Տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ համայնքների ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր են ֆինանսավորում, սակայն դրանք ոչ միշտ են ճիշտ, ծրագրի պահանջներին համապատասխան իրականացվում: Մարզկենտրոն Իջեւան քաղաքում թաղամաս կա, որը գազիֆիկացված չէ: Համապետական ընտրություններից առաջ խոստանում են գազիֆիկացման խնդիրը լուծել, սակայն ընտրություններից հետո խոստումը մոռանում են: Բնական գազի բացակայությունը հանգեցնում է ծառահատումների, հիմա էլ Տավուշի մարզում անտառահատումներն արգելված են: Տավուշի մարզի ուսուցիչների աշխատավարձը ցածր է, աշակերտների հաշվով են վարձատրում մանկավարժներին, սահմանամերձ Տավուշից արտագաղթի պատճառով աշակերտների քանակը նվազել է»:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031