Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում դեմ են համայնքների խոշորացմանը. «Եթե մեր կարծիքը հաշվի չառան, կա՛մ համայնքի բնակիչները կփակեն ընդհանուր մայրուղին, կա՛մ մեր համայնքից ոչ մեկն ընտրության չի գնալու»

Օգոստոս 07,2017 13:30

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Այս տարի եւս գործընթացը կիրականացվի մի քանի մարզերում: Խոշորացվող համայնքներ ունեցող մարզերի մեջ մտնում է նաեւ Լոռին:

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն՝ ընդգրկվելով տասը խոշորացված համայնքների կազմում:

Սա մարզում իրականացվող համայնքների խոշորացման 2-րդ փուլն է, որի արդյունքում խոշորացված համայնքներ կլինեն՝ Ալավերդին, Ախթալան, Ստեփանավանը, Գյուլագարակը, Տաշիրը, Լոռի Բերդը, Մեծավանը, Շնողը, Սարչապետը եւ Օձունը:

360-ից ավելի բնակիչ ունեցող Նեղոց համայնքը 7 այլ համայնքների հետ պետք է միավորվի Ախթալա քաղաքին: Սակայն համայնքի ղեկավար Վարդան Աթանեսյանը նշում է, որ գյուղում դեմ են խոշորացմանը: Բնակիչներն ասում են, որ Խորհրդային Միության տարիներին եւս Նեղոցը միացված է եղել Ախթալա համայնքին, սակայն դրա արդյունքում իրենք ոչինչ չեն շահել:

«Բնակիչներն ասում են, որ հին ժամանակներում իրենք կից են եղել Ախթալա համայնքին, բայց դա իրենց ոչինչ չի տվել: Այս պահին էլ ում ասում ես՝ ասում է, որ դեմ է: Մեզ պետք չէ խոշորացումը: Եթե միացած չլինեինք, էդ փորձը չունենայինք, կասեինք՝ դե չգիտենք դա ինչ է, բայց որ միացած ենք եղել, գիտեք, թե դա ինչ է, հիմա մեզ խոշորացումը պետք չէ»,- ասում է Վարդան Աթանեսյանը:


Համայնքապետը վստահեցնում է, որ գյուղում ստորագրահավաք են արել, բոլորը դեմ են այս ծրագրին: Իսկ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, կդիմեն ծայրահեղ քայլերի. «Ես ստորագրություններ ունեմ, որ բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը: Դրանք Հանրապետական կուսակցություն են ներկայացնելու, որին մեր համայնքը նախընտրել է, եւ Ազգային ժողով: Եթե մեր կարծիքը հաշվի չառան, կա՛մ համայնքի բնակիչները կփակեն ընդհանուր մայրուղին, կա՛մ մեր համայնքից ոչ մեկն ընտրության չի գնալու»:

Պաշտոնակցի հետ համակարծիք է նաեւ Աքորի համայնքի ղեկավարը: Գործընթացի արդյունքում Աքորին կմիանա Ալավերդի համայնքին:

Համայնքի ղեկավար Հրահատ Սիմոնյանը դեմ է խոշորացմանը: Ասում է՝ 4 տարի ժամանակով համայնքի ղեկավար է ընտրվել: Սակայն գոնե մեկ տարի չի կարողանա աշխատել, ժողովրդին ծառայել. «Ես դեմ եմ այս խոշորացմանը: 4 տարի ժամանակով ընտրվել եմ, մի տարի էլ չեն թողնում աշխատեմ: Ինձնից քառամյա զարգացման ծրագիր են պահանջում, բայց ես այդ ծրագրերը ո՞նց եմ իրականացնելու, երբ որ ոչ մի լծակ չեմ ունենալու: Ու դեռ չգիտեմ՝ կմնամ կաշխատե՞մ, թե՞ գուցե խոշորացված համայնքի ղեկավարը չուզենա, որ ես աշխատեմ»:

Ի տարբերություն նախորդ 2 զրուցակիցներիս՝ Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը կողմ է խոշորացման գործընթացին: Ընտրությունների արդյունքում 2180 բնակիչ ունեցող Սարչապետին կմիանա 7 համայնք: Գյուղապետն ասում է, որ խոշորացման արդյունքում կշահեն հատկապես փոքր համայնքները. «Ես կողմ եմ խոշորացմանը: Կարծում եմ՝ փոքր համայնքների համար ավելի շատ դրական արդյունք կունենա խոշորացումը, քանի որ այսօր փոքր համայնքների բյուջեն շատ քիչ է, եւ այդ բյուջեով չեն կարողանում որեւէ ծառայություն մատուցել իրենց համայնքներում: Ինձ թվում է, որ խոշորանա, բյուջեն էլ մեծ կլինի, եւ փոքր համայնքների համար ավելի լավ կլինի: Դրա հետ մեկտեղ նաեւ մեծ համայնքների համար դրական տեղաշարժ կլինի»:

Համայնքապետի խոսքով՝ գյուղում բնակիչներն առանձնապես հետաքրքրված չեն խոշորացման ծրագրով, քանի որ մյուս համայնքներն են իրենց միանալու: «Մեր համայնքն է խոշորանում, բնակիչները ոչ մի բան չեն ասում: Կողմ կամ դեմ կարծիքներ չեն արտահայտում: Իրենց համար տարբերություն չկա՝ խոշորացված են, թե ոչ, քանի որ նույն ծառայությունները նորից ստանալու են»,- ասում է Բորիս Բարոյանը:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031