Մեր հարցերը վերաբերում են Արթուր Սարգսյանի պաշտպանությանը: Կարծես ոք չի ուզում խոսել այդ մասին: Ուզում են խոսել Հիմնադրամի մասին, տերմինների եւ կնիքների մասին, դավադրության տեսությունների մասին, համատեքստից հանած արտահայտությունների մասին, ֆեյսբուքյան բանսարկության մասին, քանի որ դա այն է, ինչ մարդիկ այսօր սիրում են լսել, մարդիկ ճշմարտությունը լսել չեն սիրում: Տրվել են հարցեր, սակայն կոնկրետ պատասխանելու փոխարեն նրանք սկսում են մեզ մատնացույց անել, պիտակավորել եւ աղաղակել: Սկսում են հարցականի տակ դնել մեր ազնվությունը, մեր օբյեկտիվությունը, և նույնիսկ, գրողը տանի, մեր մարդկային կերպարը: Եվ երբ ամենը վերջապես վերջանում է, նրանք այնքան բարձր են ճչացել և աղաղակել, որ որևէ մեկը չի հիշում այլևս, թե ինչի մասին էր խոսքը, ի սկզբանե:
Մեր հարցերը դուր չեն գալիս, խանգարում են, ու ահա, նրանք սկսում են ամեն ինչ անել, որ մեզ հեղինակազրկեն`հարցեր տալ համարձակվելու համար:
Մենք այս հարցերը բարձրացրել ենք որպես ՀՀ քաղաքացիներ, բայց արի ու տես, որ պատասխանող կողմը տարակուսում է, թե ինչ հիմքով ենք մենք դիմում ներկայացրել:
Ասեմ `
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետից հետևում է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:
Մենք, որպես քաղաքացիներ, կասկած ենք հայտնել այն մասին, որ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը պատշաճ իրավական օգնություն չի ցուցաբերել Արթուր Սարգսյանին: Տիգրան Եգորյանի և իր համակիրների կողմից բարձրացված այս արհեստական աղմուկը էլ ավելի է խորացնում մեր կասկածը:
Պարոն Տիգրան Եգորյանը, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին պետք է ներկայացնի իր կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունը, որ նա հիշատակված նորմերի համաձայն խնդրել է փորձաքննություն նշանակել պարզելու համար, Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, թե՝ ոչ իր պաշտպանյալի հիվանդության հարցը ճշտելու և դրա հիման վրա նրան ազատ արձակելու նպատակով, հիշատակելով օրենքի N 825-Ն որոշումը: Ընդամենը:
Նշենք, որ մինչ այսօր այդպիսի ապացույց տվյալ փաստաբանը չի ներկայացրել:
Եթե փաստաբան Տիգրան Եգորյանը այդպիսի միջնորդություն ներկայացրել է, ապա կստացվի, որ իրոք մենք թյուրիմացության մեջ ենք ընկել և սխալ ենք պատկերացրել Տիգրան Եգորյանի փաստաբանական ներդրումը Արթուր Սարգսյանի պաշտպանության գործում:
Իսկ, եթե այդպիսի միջնորդություն չի ներկայացրել պարոն Տիգրան Եգորյանը, ապա ինչ իմաստ ունի ոչ նշանակետին ուղղված գործողությունների ցանկը ներկայացնել, երբ դա գործին օգուտ չի բերել կամ չէր բերի:
Ուստի մեր հարցն է, արդյոք ՀՀ Փաստաբանների Պալատի խորհուրդը կհամարի՞ արդարացված փաստաբանի ոչ ճիշտ գործողությունները, անկախ ծավալից, եթե դրանք չեն ծառայում իր վստահորդի շահերի պաշտպանությանը: Եթե այդպիսի նախադեպ հաստատեն, ապա ի լուր բոլորի թող հայտարարեն, որ մարդիկ իրազեկվեն, որ փաստաբանը կարող է չհիմնավորված կամ անտեղի շատ միջնորդություններ անել միակ տեղին և անհրաժեշտ միջնորդության փոխարեն, ու դա կհաշվարկվի փաստաբանի օգտին:
Տվյալ պահին դեռևս ակնհայտ է, որ N 825-Ն որոշումը չի հիշատակվել ու գործի դրվել ոչ մի պահի, թե առաջին կալանքի հինգ ամիսների, թե երկրորդ կալանքի ընթացքում: Երջանիկ կլինենք, եթե սխալվում ենք:
Կրկին տեղեկացնում ենք, որ պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց անգործության կամ գործողությունների ոչ իրավաչափ լինելը չի կարող արդարացնել Արթուր Սարգսյանի փաստաբանի կամ փաստաբանների անգործությունը կամ անարդյունք գործողությունները: Պետական մարմինների անօրինական վարքագիծն առանձին քննարկման հարց է, բայց պետք է ՀՀ Փաստաբանների Պալատը, որպես քաղ. հասարակության ինստիտուտ նույնպես գնահատի իր անդամի կամ անդամների օրինական վարքագիծը, նամանավանդ որ տվյալ փաստաբանը շարունակաբար պաշտպանում է ամենակնճռոտ գործերը, այդ թվում նաև քաղբանտարկյալների:
Մեր հիշեցմանը, որ տվել ենք հարց, որի պատասխանն ենք ակնկալում, Փաստաբանական Պալատում ընթացող նիստը նախագահող Պրն Կարեն Մեժլումյանը շեշտեց, որ դրանք հարցեր չեն, այլ մեղադրանքներ: Թույլ տվեք արտահայտել մեծ տարակուսանք այս առիթով: Մեր դիմումում հստակ գրված է
«Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը սույն փաստերի վրա եւ խնդրում ենք պարզաբանել` արդյոք մեր անհանգստությունն ունի՞ հիմքեր:
Եթե դա այդպես է, խնդրում ենք, հաշվի առնելով վերոհիշյալը, միջոցներ ձեռնարկել փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Անվանելով այս պարզաբանման պահանջը մեղադրանք, նախագահողը փաստացի կարծես տեղեկացնի, որ ՓՊ խորհուրդը որևէ դերակատարություն չունի, ինվեստիգացիոն որևէ լծակ նույնպես, հիմնվում է մեր ենթադրության վրա, արդեն իսկ համարելով, որ կասկածների առկայությունը մեղադրանքներ են: Թույլ տվեք նշել, որ գտնում ենք այս դիրքորոշումը շատ զարմանալի: Ստացվում է ինչ, մենք հարց ենք տվել, բայց խորհրդի նախագահը արդեն իսկ համարում է, որ պրն Եգորյանի «մեղքը» հաստատված է, նույնիսկ չսպասելով լսումների ավարտին: Խիստ տարօրինակ դիրքորոշում:
Այս nonsense-ը, թե մեր տված հարցերը իրականում մեղադրանք են արդեն, շահարկվեց նաև սոց ցանցում։ Հիրավի, օրվելյան է Հայաստանի իրականությունն այսուհետ, բառերն ու իրավիճակները իմաստազրկվել են, մուտացվել։
Հաջորդ շահարկումը, թե Արթուր Սարգսյանը վստահում էր իր փաստաբաններին։ Մենք երբևէ չենք էլ պնդել հակառակը։ Հիմա՝ ուշադրություն։ Յոթ ամսից ավել բանտում է պահվել ու խոշտանգվել ՀՀ քաղաքացի, 21րդ դարում, ՀՀ կառավարության որոշման խախտումով։ Մեզ համար կարևոր է պարզել, թե ինչպե՞ս է դա հնարավոր եղել։ Ու այստեղ որևէ մեկի կողմնակի կարծիքը, ինչքան էլ հարգարժան լինի այդ մարդը, էական չէ։ Էական են փաստերն ու պարզելը, թե ինչ է կատարվել իրականում։ Տեղի է ունեցել փաստաբանական փնթի աշխատա՞նք, սխա՞լ, Արթուր Սարգսյանի պահանջո՞վ է տեղի ունեցել, թե՞ այլ պատճառ կա՝ սա պիտի պարզի Փաստաբանական Պալատը։
Կուզենայի նաև հիշատակել վերջին նիստի ժամանակ ներկայացված վկաների միջնորդությանը, երբ պատասխանող կողմը ներկայացրեց տիկին Անի Կաղինյանին, որպես պատասխանող կողմից վկա: Խիստ հատկանշական է, որ անվերջ ենթադրյալ դավադրություններից խոսող կողմը փաստացի ետվարագուրային աշխատանք է տարել և մեր աշխատակցին, որից ենթադրում ենք ստացել է ամեն տեսակի կոնֆիդենցիալ և ոչ կոնֆիդենցիալ ներքին ինֆորմացիա Հիմնադրամի և մեր անձերի հետ կապված, այսօր օգտագործում է, փորձելով շեղել ուշադրությունը իր իսկ կատարած թերացումներից: Սույն տիկնոջ վերջին հայտարարությունը զրպարտության կծիկ էր, ուր Թեհմինեին և ինձ վերագրվող ցիտատները հորինված ստեր են, Փաստաբանական Պալատի կամ անվանանշված փաստաբանների հետ մեր կապի մեկնաբանումը՝ էժանագին շահարկում, Արթուր Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ զրույցը ներկայացված է մասնակի, խեղաթյուրված ու կեղծված։ Սա եկավ մեկ անգամ էլ ապացուցելու, որ պատասխանող կողմից այդքան շահարկված դավադրությունը հենց Հիմնադրամի ներսում է իրականացվել։ Այս տիկինը, փաստացի, լծված է եղել Հիմնադրամը լրտեսելու, ներսից քայքայելու գործընթացին, օգտվելով իմ և մյուս Հոգաբարձուների բացակայությունից։ Իմ մեծարգո Հայրը, որպես հիմնադիր, իր ողջ վստահությունն էր տվել այս տիկնոջը, երբևէ չկասկածելով նրա ազնվությանը։ Նշեմ, որ այս անձը Փաստաբանական Պալատում սկսված գործընթացից տեղյակ է եղել ի սկզբանե, ոչ մի գաղտնիք իրենից չի պահվել, ունեցել է access բոլոր փաստաթղթերին և գործընթացներին, նա ապահովել է կապը իմ և ՓՊ պաշտոնական թղթակցության, առանց որևէ վայրկյան անհամաձայնություն հայտնելու, մինչև մոտ մեկ ամիս առաջ, երբ կտրուկ փոխեց վարքագիծը և սկսեց ակնհայտ սադրիչական գործունեություն։
Խիստ հիասթափեցնող է նաև որոշ լրատվականների պահվածքը, ովքեր լրիվ դեղին մամուլի բարք են ցուցադրում, առանց խորշելու չճշտված բամբասանքներ ու ստեր տարածելով։
Նշենք նաև, որ այս լսումը, փաստացի ու մեր կամքից դուրս, մղվեց
Փաստաբանական Պալատի ներքին կոնֆլիկտների դաշտ, ու տրված հարցերի
պատասխանները լսելու փոխարեն, ինչը թույլ կտար հասկանալ թե ինչ է կատարվել Արթուր Սարգսյանի հետ, դարձավ հին ու նոր կոնֆլիկտների
լուծման բեմ, ուր տարբեր դերակատարների անձնական շահը,
գումարած կողմերի հին ու նոր կոնֆլիկտները, անհնարին են դարձնում լսեցնել ճշմարտության ձայնը:
Արուսյակ Հայրապետյան
ՀՀ քաղաքացի