Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի փորձի Ուկրաինա վերադառնալ անօրինական ճանապարհով, գրում է ՏԱՍՍ-ը:
«Միշտ չէ, որ ես ճանապարհորդում եմ հարմարավետությամբ: Բայց բեռնաթափքում տեղափոխվելը ճանապարհորդության իմ սիրելի ձևերից չէ»,- ասել է Սաակաշվիլին Վարշավայում լրագրողների հետ հանդիպմանը՝ հավատացնելով, որ չի փորձի անօրինական ճանապարհով հատել սահմանը:
Նա նշել է, որ այս պահին ուսումնասիրում է իրավական բազան և Ուկրաինա կվերադառնա միայն, երբ պատրաստ կլինի:
«Իշխանությունները չեն կարող արհամարհել միլիոնավոր ուկրաինացիների կարծիքը,- ասել է նա:- Ես ուզում եմ, որ Ուկրաինան լինի եվրոպական տերություն: Եվ ուզում եմ, որ ես լինեմ այդ գործընթացի մի մասը»:
Քաղաքական գործիչը նշել է, որ Լեհաստանից մեկնելու է երկուշաբթի, այնուամենայնիվ, հրաժարվել է մեկնաբանել՝ որ ուղղությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ