Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է, որ արտահոսքը եղել է Քննչական կոմիտեից, ո՞նց կարող է Քննչական կոմիտեն ինքն իրեն քննի». Դանիել Իոաննիսյան

Օգոստոս 06,2017 17:55

Ինչպես տեղեկացրել ենք, «Հյուման ռայթս հաուս Երեւանը» կիսամյա զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացված է, թե 2017-ի հունվարից հուլիս ամիսներին ՀՀ-ում իրավապաշտպաններն ու հանրային շահերի պաշտպանները ինչ ճնշումների են ենթարկվում:

Զեկույցում տեղ է գտել նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի անձնական տվյալների հրապարակման դեպքը, որը տեղի ունեցավ դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրություններից հետո: Ըստ զեկույցի, այդ ձայնագրությունները առիթ հանդիսացան, որ «Դանիել Իոաննիսյանի անձնական կյանքի մասին միայն ՀՀ իրավապահ մարմիններին հայտնի տվյալներ հրապարակվեն՝ միտում ունենալով վարկաբեկել նրա անձն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նշանակալի աշխատանքը, ճնշում գործադրել վերջիններիս վրա: Այդ տվյալները իրենց բնույթով հրապարակման ենթակա չէին, քանի որ պաշտպանված են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով և Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով»:

«Հյուման ռայթս հաուս Երեւանը» զեկույցում կոչ է անում՝ «հաշվի առնելով, այն, որ Դանիել Իոաննիսյանի մասին անձնական տվյալները հասանելի էին միայն իրավապահ մարմիններին և կարող էին արտահոսել այդ համակարգում ներգրավված մարդկանց միջոցով՝ պահանջում ենք իրավապահներից հայտնաբերել հրապարակման կազմակերպիչներին, դադարեցնել հանրային շահերի պաշտպանների նկատմամբ ճնշումները և քաղաքական հաշվեհարդարի նպատակով նրանց անձնական կյանքի պաշտպանվածության և անվտանգության ոտնձգությունը»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այդ գործով դեռեւս մարտին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, բայց այն ըստ էության մնացել է անպատասխան. «Դատախազության հանձնարարականով Քննչական կոմիտեն է քրեական գործ հարուցել: Ես այդ գործով տուժող եմ ճանաչվել, բայց որ ասեմ՝ շոշափելի առաջընթաց կա գործով՝ ոչ, չեմ կարող: Ինչքանով ինձ հայտնի է, այդ գործով մինչեւ հիմա մեղադրյալ չկա, թեեւ հրապարակողերի անունները ակնհայտ են, կազմակերպողների կամ արտահոսքը կազմակերպողների շրջանակը շատ հեշտ է որոշել: Հայտնի են, թե այդ տեղեկությունները որտեղ են պահվում, դա ինչ-որ մեկի պադվալում չի պահվել, ոստիկանության եւ Քննչական կոմիտեի արխիվներում է պահվել: Դրա համար առանձնապես դժվար չէր գտնել կազմակերպողներին»:

Հարցին՝ անձնական տվյալների այդ հրապարակայնացումը ինչքանո՞վ է ձեր գործունեությանը խոչընդոտել, խանգարել՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, որ ինքնին դա չի խանգարել. «Բայց դա չէի ասի թե հաճելի էր: Միգուցե հրապարակողները կարծում էին, որ ես դրանից պետք է սկսեմ փոխել իմ մոտեցումները, սկսեմ այլ կերպ աշխատել, դա տեղի չունեցավ: Իմ գործունեության վրա ազդեցություն չունեցավ, բայց դա նախ փորձ էր, հետո մթնոլորտի հարց է: Ուրիշ մարդիկ, որոնք կփորձեն հետաքննություններ համակարգել, միգուցե վախենան, ասեն՝ տեսեք Դանիելի դեպքում ինչ տեղի ունեցավ, մեր դեպքում էլ կանեն»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, իրականում շատ լուրջ տարբերություն կա, թե որ մարմինն է գործ հարուցում. «ՀՔԾ-ն եթե գործ հարուցեր, դա կնշանակեր, որ իրենք ընդունում են՝ պաշտոնատար մարմինների մեղավորություն կա այստեղ, բայց երբ դա Քննչական կոմիտեն է հարուցում, նոնսենս է: Այդ արխիվները Քննչական կոմիտեում եւ ոստիկանությունում կային, հնարավոր է, որ արտահոսքը եղել է Քննչական կոմիտեից, ո՞նց կարող է Քննչական կոմիտեն ինքն իրեն քննի, քննիչը չի կարող քննել իր կոլեգաներին, քննել իր կոլեգաներին, քննել մի գործ, որտեղ որպես մեղադրյալ կարող է ներգրաված լինեն իր կոլեգաները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031