Փայլակն իր աշխատասենյակում խիստ զբաղված լինելով կարևոր գործերով, նույնիսկ չէր նկատել, թե ինչպես էր Հրարփին սենյակ մտել:
Հիվանդանոցում իրենց սառը հանդիպումից հետո ինքը որոշել էր ավելի անտարբեր լինել նրա նկատմամբ:
Նրանց զրույցը այսօր էլ կարճ ընթացք ունեցավ և Հրարփին հեռացավ իր աշխատատեղը:
Գերագույն լարումով Փայլակն իրեն ստիպում էր հանգիստ երևալ:
«Չէ՞ որ նա ինձ չի սիրում այն սիրով ինչպիսին ես եմ ցանկանում,»-մտքում ասում էր նա,-ու մի քանի անգամ էլ շեշտել է, թե ինձ շատ է սիրում, բայց ընկերական սիրով, ոչ այլ կերպ: Իսկ ինձ ընկերական սերը պետք չէ, ես ուզում եմ, որ նա ինձ սիրի այն սիրով՝ ինչպես ես եմ նրան սիրում»:
Հոգնեցուցիչ, նյարդային աշխատանքից հետո Փայլակը հավաքեց սեղանի վրայի փաստաթղթերը, տեղավորեց իրենց թղթապանակներում, փակեց աշխատասենյակի դուռը և դուրս եկավ հիմնարկից՝ ուղևորվելով դեպի ավտոբուսի մոտակա կանգառ:
Օրը շոգ էր, օդը` հեղձուցիչ, շնչելը` դժվար:
Երկար քայլելուց հետո նա մոտեցավ ուղևորականգառին և սպասեց այնտեղ մինչև իրեն հարմար ավտոբուսը կգար:
Հանկարծ դիմացի մայթին նա նկատեց Հրարփիին: Սիրտը սկսեց անկանոն բաբախել, երբ զգաց, որ նա ինչ-որ տեղ է շտապում, և հակառակ իր կամքին` կտրեց անցավ փողոցը և սկսեց հեռվից հետևել նրան:
Որոշ ժամանակ անց Հրարփին թեքվեց մայթից և նեղլիկ նրբանցքով քայլելով հասավ հինգհարկանի շենքին, ապա մտավ երկրորդ մուտքից ներս:
Ու՞ր է նա գնում՝ հետաքրքրեց Փայլակին:Բայց երբ նույն շքամուտքից Փայլակը ներս մտավ, Հրարփին արդեն չքացել էր:
Մի քանի րոպե շքամուտքի մոտ սպասելով, նա ձանձրացավ և վերադարձավ այն կանգառը, որտեղից անցել էր փողոցը:
Կանգառում երկար սպասեց, երևի հերթական ավտոբուսը արդեն անցել էր: Դիմացի մայթին նորից հայտնվեց Հրարփիի թեթև ու շորորուն քայլվածքը նոր ու գեղեցիկ շրջազգեստի մեջ:
«Երևի դերձակուհու մոտ էր գնացել»,-իրեն համոզեց Փայլակը:
Հրարփին կանգ առավ դիմացի մայթի մամուլի կրպակի մոտ և սկսեց աջ ու ձախ նայել՝ կարծես սպասում էր ինչ-որ մեկին:
Տաք արյունը խփեց Փայլակի քունքերին:
«Արդյոք ու՞մ է սպասում»,-մտքում հարցրեց նա ու հիշեց հիվանդանոցի և երեկվա սառն ու անտարբեր հանդիպումը հիվանդանոցում և այսօրվա կարճատև զրույցը:
Շուտով Հրարփիին մոտեցավ անծանոթ մի երիտասարդ ու նրանք ջերմորեն ողջագուրվեցին:
Խանդից ու հուզմունքից Փայլակի շունչը կտրվում էր: Բայց ինչու՞ է նա խանդում, չէ՞ որ ինքը երեկվա հանդիպումից հետո որոշել էր նրա նկատմամբ անտարբեր լինել: Զարմանալի է մարդ արարածը:
Օ~, այդ րոպեին ինքն իր աչքում ինչքան ցածրացավ:
Անծանոթ երիտասարդը և Հրարփին ուրախ քայլում էին կողք-կողքի ու ջերմ զրուցում:
Փայլակը ուզում էր ցավից գոռալ` Հրարփի՛, Հրարփի՛, բայց ձայնը կոկորդից դուրս չէր գալիս:
«Իսկ ո՞վ է նա, ու՞ր են գնում,-անընդհատ կրկնում էր նա մտքում,-իսկ ինչին է պետք, թե ո՞վ է նա. չէ՞ որ ինքը որոշել է, որ անտարբեր կլինի նրա նկատմամբ,-կրկին համոզում էր ինքն իրեն,-իսկ հիմա դու տեսնում ես, որ նաայլ տղայի հետ է հանդիպում, քեզ համար անծանոթ մեկի, ուրեմն դու ավելորդ ես, պահուստի խաղացող, հրաժարվիր նրանից, ատի՛ ր նրան…»
Սիրո զգացումը կնոջ հանդեպ գրեթե միշտ էլ հաղթանակում է, ինչպես բոլոր հեքիաթներում՝ բարին: Մինչ դու կուրորեն և խելագարի պես սիրում ես նրան և աշխարհը դառնում է գունավոր ու գեղեցիկ, արդեն պարտված ես` չիմանալով ու չզգալով այդ: Դու դեռ չես հաղթահարել սիրո բարձունքը, գերի ես, կապված արարած, սիրելի գազանիկ, իսկ հետո, երբ ամեն ինչ սովորական է դառնում, արդեն կարող ես քեզ ցուցադրել ինչպես հարկն է. կուզես անտարբեր ձևացիր, կուզես խանդոտ, կուզես սիրահարվածի պես, միևնույնն է, արդեն ուշացել ես:
Հաջորդ օրը Հրարփին գրադարան հրավիրեց Փայլակին ու զրույցի ընթացքում խնդրեց, որ իրեն տա իր բացակայության ժամանակ արված նրա գրառումները, որ ծանոթանա դրանց հետ: Փայլակը խոստացավ, որ գրառումները վաղը կբերի, գիտենալով, որ նրան դուր է գալիս այն ամենը, ինչ գրում է իր մասին, նույնիսկ եթե առանձին դրվագներում նաև պախարակում է նրա որոշակի արարքները:
Տարվելով զրույցով` նրանք չնկատեցին էլ, որ աշխատանքային ժամը սպառվել է, և հարկավոր է դուրս գալ գրադարանից: Հենց այդ պահին էլ հնչեց գրադարանավարուհու անհաճո ձայնը, որը ազդարարում էր գրադարանը փակելու և իրենց դուրս հրավիրելու մասին:
Նրանք դուրս եկան գրադարանից, նստեցին գործարանի ծառուղու մոտակա նստարանին, և Փայլակի առաջարկով Հրարփին բացեց իր տետրերը` Փայլակին ցույց տալու համար, թե արձակուրդի ժամանակ քրտնաջան պարապել է, թե ժամանակը իզուր տեղը չի վատնել: Փայլակն էլ՝ արհեստավարժ դասախոսի նման ձեռքն առավ նրա տետրերը և որոշակի ստուգողական հարցեր տվեց նրան, իսկ վերջում ավելացրեց.
-Քննությունները մոտենում են, մեր պարապմունքները պետք է ավելի երկար ընթացք ունենան:
-Ես կհասցնեմ, դասախոս ջան,-վստահորեն արձագանքեց Հրարփին:
-Տեսնե՛նք, ճտերն աշնանն են հաշվում,-սառը պատասխանեց Փայլակը:
Հենց այդ պահին էլ՝ նրանց մոտեցավ Փայլակին անծանոթ մի աղջիկ և ինչ-որ բան փսփսաց Հրարփիի ականջին:
Նա արագ վեր կացավ տեղից ու դիմելով Փայլակին հուզված արտասանեց.
-Ներողություն, Փայլա՛կ, ես գնամ, այսօրվա պարապմունքները կշարունակենք վաղը, քեզ հետո կպատմեմ եղելությունը:
Ինչ-որ վատ բան էր տեղի ունեցել: Հրարփին նույնիսկ սկսեց վազել, գուցե մայրիկի սրտի նոպան էր նորից կրկնվել:
Շտապելուց նա Փայլակի մոտ էր թողել իր տետրերը, որոնք Փայլակն իր հետ տուն տարավ, իսկ տանը նրանցից մեկի մեջ հայտնաբերեց Հրարփիի սանրը:
Կարմիր գույնի սանրը բացված տետրից իրեն էր նայում սառն ու անտարբեր հայացքով, ինչպես վերջին ժամանակներս անում էր Հրարփին:
Հաջորդ օրը, երբ հանդիպեցին աշխատավայրում, Հրարփին պատմեց, որ իր հորեղբոր տղան վթարի է ենթարկվել և հիվանդանոցում անդամահատել են նրա ոտքը: Իսկ Փայլակի ուղիղ հարցումից հետո, թե ո՞վ էր այն երիտասարդը, որի հետ երեկ աշխատանքից հետո հանդիպել էր Հրարփին,նախ անակնկալի եկավ, ապա պատասխանեց, որ այդ երիտասարդն իր հորեղբոր տղան է, որի հետ հիվանդանոց էին գնում մայրիկին տեսակցելու համար և հենց նա է վթարի ենթարկվածը:
Հրարփիի տրամադրությունը ծայրահեղ ընկած էր: Մայրը հիվանդանոցում է պառկած, իսկ ահա հորեղբոր տղայի ոտքն են անդամահատել: Իսկ երրորդ դիպվածի մասին նա խոստացավ հայտնել, երբ վաղը կայցելի Փայլակենց տուն:
Կգա՞ նա արդյոք այսօր իրենց տուն, ինչպես խոստացել էր որ պատմի ամեն ինչ իր ճամփորդության մասին: Նա ինքն է առաջարկել այցի գալու: Ինչու՞ նա չի ցանկանում ինձանից հեռանալ, չէ՞ որ դա նրա կողմից բարի գործ կլինի: Ինքը ձգտում է ամեն կերպ սառեցնել իրենց հարաբերությունները` թողնելով բախտի քմահաճույքին դրա զարգացումները, այն հույսով, որ այս դրամայի լուծումը ինքն իր ճանապարհը կգտնի ապագայում:
Ինքը կարողանում էր տիրապետել իր զգացմունքներին և դժվար թե զոհ գնա Հրարփիի նոր խարդավանքներին, եթե այդպիսիք նա պլանավորում է:
Բայց մենակության պահին նա ցանկանում է, որ մեկը կողքին լինի և ականջին շշնջա քաղցր, փաղաքշող խոսքեր: Հրարփին էլ բավականին եսասեր է և չի ցանկանում գոնե մի քիչ թեթևացնել իր կյանքը: Գրքերը արդեն իրեն քիչ են հրապուրում: Համակարգչի ու բջջայինի նկատմամբ այնքան էլ սեր չունի: Ինչու՞ է նա այդ աղջնակի մոտ այդքան նսեմանում, կորցնում հպարտությունը:
Այսպիսի մտորումների մեջ էր Փայլակը, բայց ներքին մի ձայն նրան հուշում էր, որ պետք չէ հուսահատվել, հարկավոր է սպասել և ժամանակը կգա ու Հրարփին իրենը կլինի:
«Ես սիրում եմ Հրարփիին և առայժմ չեմ կարող սիրել մեկ ուրիշի, թող, որ նա դանդաղորեն ներծծվի իմ կյանքի մեջ, և այլևս անհնար լինի այնտեղից նրա դուրս գալը, որ մեր սերը դառնա փոխադարձ, իրական, որ նա լինի իմ ապագա երեխաների մայրը, նրանցով ապրի, լինի ինձ հենարան ու թիկունք, որ նա ինձ չլքի ցանկացած պահի, որ մարդկանց մեջ դուրս գամ բաց ճակատով և ոչ թե գլուխս կախ, վերջապես ցանկանում եմ առաջ ընթանալ և ոչ թե ետ-ետ գնալ` ճանապարհին ինչ-որ բանից խրտնած ձիու նման»,-հորդորում էր իրեն Փայլակը:
Իսկ Հրարփին միշտ նույնն է կրկնում, թե իրեն սիրում է ընկերական սիրով: Այդպիսի դերում Փայլակը չի ցանկանում գտնվել, բայց միևնույն ժամանակ իր համար ծանր կլինի Հրարփիի կորուստը:
Դուռը կամաց թակեցին: Էլեկտրական հոսանքը այդ օրը անջատել էին, և դռան զանգը չէր աշխատում:
Փայլակը բացեց դուռը ու դիմացը կանգնած տեսավ ժպտացող Հրարփիին: Նա կատարել էր իր տված խոստումը: Ողջագուրվեցին, ապա սենյակ մտան, նստեցին սեղանի շուրջ ու Փայլակը հայացքը սևեռելով նրա ժպտացող աչքերին, ասաց.
-Դե՛, պատմիր, դու խոստացել էիր, որ կպատմես քո ճամփորդության, հիվանդության մասին,-խորը շունչ քաշելով արտաբերեց Փայլակը:
-Պատմելու բան չունեմ,-կարճ կտրեց Հրարփին,-ավելի լավ է, տուր` քո գրածները կարդամ:
Սովոր լինելով նրա կամակորությանը` Փայլակը չհակառակեց, դարակից հանեց և նրան պարզեց վերջերս գրված պատմությունների տպագրված թերթերը:
Նա անմիջապես խլեց թերթերը Փայլակի ձեռքից ու շուտով խորասուզվեց ընթերցանության մեջ, իսկ Փայլակը նստել ու նրան էր նայում կլանված նրա գեղեցկությամբ, միայն մեկ-մեկ ընդհատում էր նրան` հարցեր տալով, որից Հրարփին նույնիսկ նյարդայնանում էր.
-Հը, ո՞նց է, քեզ դու՞ր է գալիս իմ գրելաձևը:
-Ընդհանրապես քեզ չեմ ուզում գովել, բայց ինձ համար հաճելի է կարդալ քո գրածները, չնայած նրան, որ իմ կերպարը նկարագրելիս թույլ ես տալիս որոշակի սխալ եզրահանգումներ,-ժպտաց նա:
-Հատկապես ի՞նչ հարցում, կարող ե՞ս նշել:
-Ա՛յ, այստեղ և ա՛յ, այստեղ,-մատնացույց արեց նա թերթերի վրա, որտեղ Փայլակը որոշ բացասական գծերով էր բնորոշել նրան:
-Բայց չէ՞ որ դա իմ ընկալումն է քո կերպարի, բայց նաև իմ պատկերացրած հերոսուհին է այդպիսին, որի բնօրինակը դու ես: Որոշ դեպքերում կատարում եմ գեղարվեստական զեղումներ: Այնպես որ, դու այդքան էլ մի նեղվիր:
-Ուրեմն դու նաև կեղծում ե՞ս, ճշմարտությունը չե՞ս գրում,-նեղացած ձևացավ նա:
-Է՛խ, Հրարփի, այդ բոլորը դու ես, բայց իմ կողմից որոշակի երանգներով վերափոխված,-խորամանկեց նա,-գրողը երբեմն տեսնում և զգում է այն, ինչը սովորական մահկանացուները չեն տեսնում:
-Չեմ հասկանում` ինչպես է շարունակվելու կյանքը,-կտրուկ փոխեց թեման Հրարփին ու խեղճացած նայեց Փայլակի աչքերին:
Կուրծքը անհանգիստ ելևէջներ էր անում, շուրթերը դողում էին, այտերի գույնը փոխվել էր:
-Հրարփի, բայց դու խոստացել էիր, որ կպատմես քո ճամփորդության մասին-նորից հիշեցրեց նրան Փայլակը:
-Էլ ի՞նչ պատմեմ` ամեն ինչ կորած է, դու ինձ վերջապես ատում ես, դու հասար քո նպատակին:
-Ախր, Հրարփի, դու լավ ես հասկանում, որ քեզ շատ եմ սիրում, բայց ցավն այն է, որ դու չես սիրում ինձ և դժվար է լինել քո կողքին, ավելի հանգիստ կլինեմ, եթե կարողանամ ատել և հեռանալ քեզանից: Բայց այդ թողնենք ապագային, ասա, իրո՞ք դու երջանիկ ես, թե ստում էիր քո նամակներում:
-Իսկ ի՞նչ ես կարծում, ես քեզ պիտի գրեի, որ ամեն ինչ վատ է, տաղտկալի՞:
-Դե՛, լավ, մի հուզվիր, հանգստացի՛ր և պատմի՛ր ամեն ինչ հերթով:
-Պետք չէ, դու ասացիր, որ ամեն ինչ վերջացած է:
-Փայլակը բռնեց նրա ձեռքը:
Նա կոպտորեն ետ քաշեց ձեռքը` ասելով.
-Ուշ է, գնամ:
-Ո՛չ, չեմ թողնի, մինչև չպատմես,-պնդեց Փայլակը,- չէ՞ որ դու խոստացար, որ կգաս ու կպատմես:
-Ես ամեն ինչ արդեն ասացի,-նյարդային տոնով ասաց նա,-ես չեմ ուզում, որ դու ինձ լքես, ես ուզում եմ, որ մենք բարեկամներ մնանք, ես եկա`պարզելու այդ: Հիմա ամեն ինչ պարզ է, դու ինձ ատում ես: Շատ ցավալի է, բայց ի՞նչ կարող եմ անել ես:
Նրանք դուրս եկան Փայլակենց տանից` առանց շարունակելու սկսված խոսակցությունը:
Արդեն մթնել էր, քաղաքի ծայրամասերից մեկում փայլփլում էր գովազդ-հայտարարությունը` «Դրամը պահեք բանկերում, այն հուսալի և շահավետ է»:
Նրանք լուռ քայլում էին կողք-կողքի, սակայն արդեն օտարացած:
-Դե՛, հիմա գոնե պատմի՛ր,-նորից պնդեց Փայլակը:
Նա կարծես հնազանդվեց և հավաքելով մտքերը՝ սկսեց պատմել հուզված ու լարված, իսկ վերջում ավելացրեց.
-Ես դեռ քեզ չեմ ասել նաև այն կարևորի մասին, որ հայրիկս երեկ ստացել է արտասահման մեկնելու թույլտվությունը և մենք ընտանիքով մեկ ամսից մեկնելու ենք Ամերիկա:
«Ահա, թե ի՞նչ»,-մտքում ասաց Փայլակը ու շփոթված նայեց Հրարփիին:
-Լուրջ ե՞ս ասում,-կմկմաց Փայլակը:
-Միանգամայն լուրջ,-տխուր ասաց Հրարփին,-հուսով եմ, որ դու այնքան էլ ծանր չես տանի իմ բացակայությունը, մենք կշփվենք ֆեյսբուքում, էլեկտրոնային նամակներ կգրես, որի վարպետն ես, մեկ-մեկ էլ կհաղորդակցվենք սկայպով, իսկ ապագան դեռ առջևում է, ինչ իմանաս, թե այն ինչպիսին կլինի,-մտազբաղ արձագանքեց Հրարփին ու Փայլակին թվաց, թե ինքը խոր քնի մեջ ծանր երազ է տեսնում:
Բայց լսելով Հրարփիի հրաժեշտի կերկերուն ձայնը, որը կարծես խորխորատներից էր գալիս.
-Դե՛, բարի գիշեր, մենք տուն հասանք, մի հուսահատվիր, ապագան դեռ առջևում է:
-Բարի գիշեր,-հուզված արձագանքեց Փայլակը ու ոչ մի ուրիշ խոսք չգտնելով՝ սպասեց այնքան, մինչև լսվեց երկրորդ հարկի դռան շրխկոցը:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ