Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգույշ եղիր էս երկու օրը՝ չսպանվես երեխայիդ հետ միասին». Զարուհի Հովհաննիսյանը՝ իրեն ուղղված սպառնալիքների ու նամակների մասին

Օգոստոս 06,2017 16:32

«Հյուման ռայթս հաուս» Երեւանը հրապարակել է 2017-ի կիսամյա զեկույցը, որտեղ նշված է, թե այս տարվա հունվարից հուլիս ամիսներին ինչ իրավախախտումներ եւ ճնշումներ են գործադրվել հանրային շահերի պաշտպանների նկատմամբ: Զեկույցում իրավապաշտպանների նկատմամբ անօրինականությունների, խուզարկումների, ահաբեկումների մասին օրինակներ են, թե ինչպես են Արթուր Սաքունցին ֆեյսբուքում սպառնում, «Սասնա ծռերի» գործով փաստաբաններին խուզարկում, Ինեսսա Պետրոսյանին ինչպես են փորձում ճնշել եւ այլն:

Ըստ զեկույցի, «Սպառնալիքի կոչերը եւ հայհոյանքները պարբերական բնույթ են կրում նաև իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Մամիկոն Հովսեփյանի (ինչպես և «Փինք Արմենիա»-ի այլ աշխատակիցների) հանդեպ, որոնք ատելության խոսք պարունակող տարաբնույթ անձնական նամակներ են ստանում ֆեյսբուք սոցիալական ցանցով»:

Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ գրեթե ամեն շաբաթ ինքը ֆեյսբուքով ատելության խոսք պարունակող տարբեր տիպի նամակներ է ստանում «messenger»-ով, որը կապված է լինում իր մասնագիտական գործունեության հետ. «Դրանք լինում են թե արեւմտյան արժեքների դեմ տվայտվող անձինք, վերջացրած այն կանանց ամուսինները եւ շրջապատը, որոնք դիմում են մեզ եւ մենք աջակցություն ենք ցուցաբերում: Նամակները սպառնալիքներից սկսած մինչեւ տարրական անձնական կյանքին կպնող հայհոյանքներ են, այդ մակարդակի են: Անգամ ես մեկ-մեկ պահում եմ, որովհետեւ չգիտես, թե քեզ հետ ինչ կլինի, պահում եմ, որ հետո պարզ լինի, թե որտեղից ինչ է եկել:

Մեկ անգամ եղավ, երբ սպառնալիք էր հնչել իմ երեխայի սպանության, դիմեցի ոստիկանություն, քրգործ հարուցվեց, այդ անձին գտան եւ իրական չհամարվեց սպառնալիքը: Որպես այդպիսին, հիմքերը չեն ճշտվում, թե ինչու են այդ մարդիկ թիրախավորվում: Ես կարծում եմ, որ խմբեր են աշխատում՝ այդ մարդկանց թիրախավորելու համար, եւ չեն բացահայտվում այդ խմբերը: Հիմնականում արեւմտյան արժեքների կողմնակիցներին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը դեմ արտահայտվողներին են թիրախավորում, մենք հստակորեն արեւմտյան արժեքների կրողն ենք եւ այդ արժեքներից ելնելով ենք մարդու իրավունքները պաշտպանում, մեր գործունեությունը կազմակերպում»:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, երբ ուսումնասիրում է այն մարդկանց ֆեյսբուքյան էջը, նրանց ընկերների ցանկը, որոնցից նամակներ է ստանում, պարզվում է, որ հիմնականում ռուսամետ քաղաքականության գիծը տանողներն են. «Այդ մարդիկ շատ ուղղորդված կարծես խրախուսում են կոնկրետ անձանց, որ աշխատեն: Կամ կանանց ամուսիններն են, որ մենք չօգնենք, իրենք մնան այդ վախի մթնոլորտում, դուրս չգան: Նաեւ երբ փոքր խմբերի իրավունքների պաշտպանությամբ ես զբաղվում՝ նույնասեռականների իրավունքներով, այդ ժամանակ էլ ավելի է ատելության խոսքը բորբոքվում»:

Զարուհի Հովհաննիսյանը թվարկեց իր ստացած նամակներից մի քանիսը, որոնք իր վրա ազդել են կամ դրանք իրական սպառնալիք են պարունակել. «Իրական վտանգ զգացել եմ, երբ ստացա այսպիսի հաղորդագրություն, որ զգույշ եղիր էս երկու օրը՝ չսպանվես երեխայիդ հետ միասին: «Երեխայիդ հետ միասինը» դաժան է ինձ ավելի, ավելի մեծ տհաճություն է պատճառում, քան միայն իմ անձի հետ կապված սպառնալիքները, որովհետեւ նմանատիպ գործունեությամբ զբաղվողը գիտի՝ վտանգի եզրով ենք մենք քայլում:

Բայց երբ երեխայիդ են արդեն ուղղում խոսքը, ահաբեկման վտանգը ավելի մեծ է լինում: Բավական նվաստացնող նամակներ են լինում, youtube-յան էջերի մեկնաբանությունները կարող եք նայել եւ տեսնել անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031