«Հյուման ռայթս հաուս» Երեւանը հրապարակել է կիսամյա զեկույցը, որտեղ 2017-ի հունվարից հուլիս ամիսների իրավախախտումների եւ ճնշումների մասին դիտարկումներն է ներկայացրել: Ըստ զեկույցի, ՀՀ-ում իրավապաշտպանների եւ իրավապաշտպան գործունեությունը անբավարար են՝ քաղաքացիների եւ հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար: Ուշագրավ է, որ զեկույցում, որպես իրավախախտ, նշված է նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի անունը:
Ըստ զեկույցի, Նաիրա Նահապետյանը հուլիսի 3-ին հարձակում է գործել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակի աշխատակիցների վրա՝ ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից, սպառնացել է նրանց, հորդորել հնարավորինս շուտ փոխել գրասենյակի վայրը եւ հեռանալ, հակառակ դեպքում խոստացել է խնդիրներ ստեղծել ՀԿ-ի և իր շահառուների համար։ «Հյուման ռայթս հաուսը» զեկույցում կոչ է անում քաղաքապետարանին հանրային միջամտություն ցույց տալ՝ «Իրավունքի կողմ» ՀԿ աշխատանքներին Նահապետյանի ձեռնարկած անօրինական խոչընդոտները չեզոքացնելու նպատակով»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Նահապետյանն ասաց. «Իրենք որպես Երեւանի քաղաքացի են իրենց սխալ պահել՝ կեղտոտելով մուտքը: Թե իրենք ինչով են զբաղվում, ինչ են անում, դա իրենց գործն է: Իրենք 6-7 ամիս է, մեր մուտքում բնակարան են վարձում, ես, ապրելով նույն մուտքում, սկի չեմ իմացել: Դա իրենց երազած տարբերակն է: Դա տրանսգենդերների գրասենյակն է, որի մասին ես իմացել եմ նկատողություն անելուց մեկ օր հետո: Ասել եմ՝ չի կարելի կեղտոտել մուտքը, չի կարելի թափել, մենք այդտեղ ապրում ենք, երեխաներ են ապրում, մենք այդտեղ գումար ենք ծախսում, որ մուտքը մաքուր ենք պահում, պաղպաղակն ուտում, շպրտում են: Իրենք դա վերագրեցին, որ իրենց ահաբեկում եմ, որովհետեւ իրենք ինչ-որ այլ ուղղվածություն ունեն: Դա ընդհանրապես չի համապատասխանում մեկը մյուսին: Իրենք շատ վատ են պահում: Մի մուտք, երբ որ 15-20 հոգի երիտասարդներ են մտնում, դուրս գալիս անընդհատ, այն էլ՝ քաղաքի կենտրոնում, շատ տգեղ է եւ շատ անհարմարություններ է դա ստեղծում բնակիչների համար»:
Մեր հարցին՝ դուք սպառնացե՞լ եք եւ հորդորե՞լ եք հնարավորինս շուտ փոխել գրասենյակի վայրը, հակառակ դեպքում խնդիրներ կստեղծվեն իրենց համար՝ Նաիրա Նահապետյանը պատասխանեց. «Նահապետյանը չի սպառնում, որովհետեւ եթե իրենք խախտում են Երեւանի քաղաքացու օրենքները, խախտում են ընդհանուր բնակության վայրի օրենքները՝ կեղտոտելով մուտքը, դա նշանակում է, որ չի կարելի Երեւանի կենտրոնում բնակվել, պաղպաղակն ուտել ու թուղթը գցել եւ այդպիսի լկտի պահվածք ցույց տալ: Ամեն մեկը պետք է իր չափերի մեջ լինի՝ անկախ նրանից, թե ինքը ինչ պատկանելություն ունի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում իրենց պահվածքը»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, իրենց շահառուների հետ դա ընդհանրապես կապ չունի՞, որ ԼԳԲՏ անձանց շահերն են իրենք պաշտպանում՝ Նաիրա Նահապետյանը պատասխանեց. «Կապ չունի, եթե կապ ունենար, ես ավելի շուտ կնկատեի: Ես նկատեցի, երբ որ ես տուն էի վերադառում, իրենք 4-5 հոգով իջնում էին եւ պաղպաղակի թղթերը նետեցին մուտքի ներսում: Ես երկու օր հետո Արաբկիրի ոստիկանությունից եմ իմացել, որ դրանք ինչ պատկանելություն ունեն: Այնպես որ, դա ընդհանրապես ինձ հետ կապված չի եւ այդ լկտիությունները…բացի նրանից, որ իրենք ինչ են, մի հատ էլ սուտասան են եւ շատ անհաջող մարդիկ են, այ դա է ամենավատը: Իրենք նույն բանը կարող էին անել ավելի սթափ, ավելի մարդկային: Կարող էին ասել՝ ներողություն, կներեք, թղթերը հավաքեին եւ դուրս գային մուտքից եւ ոչ թե բան սարքեին գլխներիս»:
Զեկույցում սա վերագրվում է Երեւանի քաղաքապետարանի հոմոֆոբ պրակտիկային, Նաիրա Նահապետյանի համոզմամբ՝ դա ԼԳԲՏ անձանց շահերը պաշտպանող կազմակերպությանը ձեռնտու է՝ այդ ֆոնի վրա ներկայացնելը, որովհետեւ իրենք գումարներ են ստանում դրսից. «Իրենց ձեռք է տալիս, որ մտածեն , թե այստեղ իրենց ահաբեկում են, ճնշում են: Եթե իրենք ճնշվում են, պետք է իրենց թղթերը նայեն ու տեսնեն, որ 8 ամիս է՝ վարձակալած է իրենց այդ բնակարանը, բա ինչու՞ չէին ճնշվում մինչեւ այդ, իսկ ես արդեն 30 տարի է բնակվում եմ այդ բնակարանում: Այսինքն, անհեթեթ ստերի շարք է գնում»:
Նաիրա Նահապետյանը գտնում է, որ քաղաքապետարանը հոմոֆոբ պրակտիկա չունի. «Իրենք են հայտարարություն տարածել քաղաքապետարանի սայթերում, իրենք են youtube-ում տարածել, իրենց երեւի թե սա շատ ձեռնտու է, որ ես, քաղաքական, պետական գործիչ եմ, կարողանան արտասահմանյան կազմակերպություններից գումարներ կորզել: Սա եղել է բուն կենցաղային հարց, ինձ թվում է, բոլոր բնակիչներն էլ փորձում են իրենց տարածքը մաքուր պահել: Եթե ձեր դիմացի բնակիչը կեղտոտի, դուք էլ նկատողություն կանեք՝ անկախ նրանից, թե նա ինչ պատկանելության, ինչ ուղղություն ունի»:
Մենք հարցրեցինք՝ հրապարակված զեկույցի հետ կապված չե՞ք պատրաստվում քայլեր ձեռնարկել, որ ձեր տեսակետն էլ այնտեղ տեղ գտնի, Նաիրա Նահապետյանը պատասխանեց, որ չի ուզում դրանով զբաղվել. «Մենք փորձում ենք իրենց անտեսել, իրենք ընդհանրապես այդտեղ ոչ թե աշխատում են, այլ բնակվում են: Եթե դա իրավապաշտպան օֆիս է, ցանկացած օֆիսի աշխատանք ավարտվում է ժամը 6-ին, իսկ իրենց մոտ ժամը մինչեւ գիշերվա 12-ը, 1-ը մնում են, դրանից հետո չեմ կարողանում ֆիքսել՝ գնում են, թե մնում են: Իրենց հետ ինչ-որ բաների մեջ մտնել, ելույթ ունենալ կամ խոսել գտնում եմ, որ սխալ է, որովհետեւ արդեն իրենց Աստված պրոբլեմի մեջ է ստեղծել, իմ ավելորդ ասելը ոչ մի բան չի տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ժողովուրդը չպետք ա մոռանա որ էսպիսի քաղաքական գործիչներն են որ իրենց ամեն օր խաբում են ու պետության փողերն ուտում։ Հետո էլ կարևոր հարցերը կոծկելու համար մի հատ ԼԳԲՏ բում են անում որ իրանց կերածները չերևա։
Մի խաբնվեք էսպիսի ստերից երբ տեսագրության մեջ երեևում ա ոնց են անչափահաս երեխայի մատը ջարդում։