2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:
Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100 –ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:
Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:
Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշաստակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:
Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:
Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:
«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց տնօրհնեքի արարողություն:
«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և բարեմաղթանքի ուղերձը ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորագրերը:
Տունը համայնքին վերադարձնելու և վերանորոգչական ու բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց տեսաֆիլմի միջոցով:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նաիրա Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սոս Սահակյանը, վաղամեռիկ Լևոն Անանյանի որդին՝ Արմենպրեսի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: Ապա խոսքը փոխանցվեց բարերարներին:
Մենակատարուհի Աննա Բադալյանի երգը, Լիզա Թորոսյանի և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա Դավթյանի խամաճիկի համադրությամբ փոխանցեցին այն չմարող սերը, որը տածում է ժողովուրդն իր մեծ բանաստեղծի նկատմամբ:
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի, Թենգիզ Միկոյանցի ու Վալիկո Առաքելյանի գեղանկարները:
Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, ստեղծվելու է ազգագրության ուսումնասիրության և զարգացման, հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան:
Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմ