Վերջերս Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյա Վոլոդինը մեզ տեղեկացրեց, որ եթե Հայաստանի պետական երկրորդ լեզուն ռուսերենը լիներ, ապա հայ վարորդներն էլ ղրղըզ, ուզբեկ ու ղազախ վարորդների պես Ռուսաստանում ավտոմեքենա վարելու ու ավտոմեքենա վարելով եկամուտ ստանալու հնարավորություն կունենային:
Այս փաստը Հայաստանում բուռն քննարկումների, ավելի ճիշտ՝ բուռն քննադատությունների տեղիք տվեց: Նույնիսկ մեր ամենահիվանդագին ու ամենածայրահեղական ռուսամետները նպատակահարմար ու տրամաբանական չհամարեցին, որ ռուսաց լեզուն Հայաստանում կարող է երկրորդ պետական լեզու հռչակվել: Ճիշտ է, Հայաստանում ռուսամետներն ու ռուսասերները քչություն չեն անում, բայց դա, պարզվում է, բավարար չէ, որպեսզի ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակվի: Ավելի տրամաբանական կլիներ, եթե ռուսները Ուկրաինայի իշխանություններից պահանջեին ռուսաց լեզուն Ուկրաինայի երկրորդ պետական լեզու հռչակել, սակայն հասկանալի պատճառներով դա չեն անում, չնայած Ուկրաինայում ռուսները չափազանց լուրջ քանակություն են կազմում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, եթե առողջ տրամաբանությամբ առաջնորդվենք, ավելի շուտ հենց Ռուսաստանում պիտի հայերենին պետական երկրորդ, երրորդ կամ չգիտեմորերորդ պետական լեզվի կարգավիճակ տրվի, որովհետև հայերը Ռուսաստանում նույնիսկ տոկոսային առումով ավելի շատ են, քան ռուսները՝ Հայաստանում: Եվ ընդհանրապես՝ ինձ հայտնի չէ աշխարհում որևէ երկիր, որտեղ ավելի քիչ ռուսներ ապրեն, քան Հայաստանում: Դա նույնպես հիմք է, որպեսզի Հայաստանի բարձրաստիճանները հակադրվեին Վյաչեսլավ Վոլոդինին: Երևի Վոլոդինն էլ փոշմանած լինի իր այդ առաջարկի համար, որովհետև չենք կարծում, թե իր ամենավերադաս Պուտինը նրան ողջունած լինի այդ արտակարգ ու արտառոց մտասևեռման համար:
Նաև չենք կարծում, որ Վոլոդինն այդ արտառոց առաջարկությունը Պուտինի հրահանգով արած լինի: Ընդամենը կարծում ենք, որ Վոլոդինը թյուրիմացաբար ենթադրել է, որ իր այս անհեթեթ քայլի համար իր ամենավերադասի կողմից խրախուսանքի կարժանանա: Համոզված ենք, որ արժանացած չի լինի: Չնայած… ի՞նչ իմանաս: Մեծ աշխարհ է: Եվ չենք կարծում, թե այս մեծ աշխարհի մեջ հայ-ռուսական հարաբերությունները կարևորագույն տեղ են զբաղեցնում: Նաև չենք կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները փոփոխության ենթակա չեն: Նաև չենք կարծում, թե այդ հարաբերությունները մշտապես մեր սրտով ու մեր ուզած ձևով պիտի ընթանան ու շարունակվեն:
Կարելի է, իհարկե, մոռացության տալ Վոլոդինի մտքի տվյալ «փայլատակումը», և, կարծում ենք, այդպես էլ կլինի, բայց մենք չենք կարող և իրավունք էլ չունենք մոռանալու, որ մենք հետխորհրդային հանրապետությունների մեջ առաջիններից էինք, որ ռուսական զորքերին հրավիրեցինք մեր երկիր, և այն ժամանակ դա մեզանում առանձնապես քննադատության չարժանացավ. ավելին. այն ժամանակ (ու հիմա էլ) շատերն այդ փաստը համարեցին ու համարում են Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստուն քաղաքականության արդյունք:
Այսինքն՝ մենք մեր կամքով ռուսներին մեր սահմանին սահմանապահ կարգեցինք: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք պերմյակովների գոյությունը, և ոչ էլ վոլոդինների անհեթեթ հայտարարությունների համար է բավարար հիմք: Այդուհանդերձ, Վոլոդինի անհեթեթ հայտարարությունը որոշ դրական դեր ուներ. նա մեզանից ոմանց ստիպեց հիշել, որ մեր պետական լեզուն հայերենն է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2017
“Այսինքն՝ մենք մեր կամքով ռուսներին մեր սահմանին սահմանապահ կարգեցինք: Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք պերմյակովների գոյությունը, և ոչ էլ վոլոդինների անհեթեթ հայտարարությունների համար է բավարար հիմք:”
Ո՞վ ասաց: Ռուսներին մենք մեր կամքով մեր սահմանին սահմանապահ կարգեցինք, որն էլ ուղղակիորեն նշանակում է, որ մենք պետք է հանդուրժենք պերմյակովների գոյությունը և մնացած ամեն ինչ, ինչ Ռուսաստանը սարքում է մեր գլխին: Համենայն դեպս՝ նրանք հենց այդպես էլ մտածում են: Ի միջիայլոց, բոլոր պետություններում էլ ճիշտ այդպես կմտածեին: