Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«The Roots». Ինքնազարգացման և ժամանցի կենտրոն Ստեփանակերտի երիտասարդների համար (Ֆոտոշարք)

Օգոստոս 05,2017 18:56

Երբ Երևանում սրճարանների և տարբեր կենտրոնների առատությունից շատ անգամ չես կարողանում կողմնորոշվել, թե որտեղ այցելել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը մի փոքր այլ է: Ստեփանակերտում, իհարկե՛, կան սրճարաններ, ռեստորաններ, սակայն մինչև վերջերս բացակայում էր վայր, որտեղ երիտասարդները կարող են ժամանակ անցկացնել: Այդպիսինն է «The Roots» («Արմատներ») կենսակենտրոնը, որը գործում է 2017 թվականի հունիս ամսից:

Ֆրանսահայ իրավաբան Ժերար Գուերգուերյանը Արցախ է այցելել իր երրորդ գրքի աշխատանքները կատարելու համար, որը Ղարաբաղյան խնդրի իրավական կողմի մասին է. «Գիրքը գրելու ընթացքում, ես հասկացա, որ Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում կենսակենտրոն չկա: Հրապարակում, երբ որ նստում ես հյուրանոցներից մեկի սրճարանում, նկատում ես, որ մարդիկ մի կողմից մյուսն են գնում: Բացի մի քանի ռեստորաններից, այլ բան չկար: Գաղափարն այն է, որ բացենք մի վայր երիտասարդների համար, որտեղ նրանք ժամանակ կանցկացնեն և օգուտ կստանան, ինչպես Երևանում և Փարիզում»:

«The Roots» կենսակենտրոնում շաբաթը 3-4 անգամ անցկացվում են մշակութային իրադարձություններ, կինոդիտումներն, որոնց հաջորդում է քննարկումը, և կոնֆերանսներ: Կենտրոնը ունի նաև «Վերնիսաժ» անունը կրող հատված, որտեղ վաճառվում են տեղացիների ձեռքի աշխատանքները. «Մենք սկսում ենք զրոյից. այս պահին մենք վերավաճառողներ ենք: Մենք խնդրում ենք տեղացի արհեստավորներին ներկայացնել տանն արված իրենց աշխատանքները, բայց մենք նաև սկսում ենք կազմել կատալոգ քայլ առ քայլ: Եթե կատալոգը որևէ արդյունք տա կամ գրավիչ կլինի, մենք կբացենք արտադրամաս՝ աշխատատեղեր ստեղծելու համար»:

Ժերար Գուերգուերյանի խոսքերով՝ «The Roots»-ում երիտասարդները նաև հնարավորություն ունեն սրճել և աշխատել կամ ժամանակ անցկացնել մատչելի գնով. «Եթե ուզում եք ժամանակ անցկացնել և սրճել, դուք կարող եք կենսակենտրոնում անցկացնել, օրինակ, երեք ժամ, եթե ցանկանում եք: Սուրճի գինը մատչելի է երիտասարդների համար»:

Նա հավելեց, որ նպատակ ունեն նաև կամուրջներ ստեղծել. «Սփյուռքահայերը շատ են գալիս Հայաստան, և նրանք իրենց ժամանակն անցկացնում են իբրև զբոսաշրջիկներ և քիչ են շփում ունենում տեղացիների հետ: Մենք նպատակ ունենք փոխել այս գործընթացը, օրինակ, եթե իմ կինը գիտի ինչպես ֆրանսիական խմորեղեն պատրաստել, կարող է տեղացիներին սովորեցնել: Եվ համապատասխանաբար, տեղացիները գիտեն՝ ինչպես պատրաստել տեղական ուտելիքը, որը մենք մոռացել ենք պատրաստել, մենք կցանկանայինք, որ եվրոպացիները և սփյուռքի բնակիչները սովորեն դրանք եկեղեցիներ կամ զբոսաշրջային վայրեր այցելելու փոխարեն»:

«The Roots»-ի մենեջեր Լինա Ավանեսյանի խոսքերով՝ կենտրոնի բացումից ի վեր Ստեփանակերտում երիտասարդությունը ակտիվացել է, քանի որ մինչ այդ քաղաքում նման վայր չկար: Նրա խոսքերով՝  «The Roots»-ը Ստեփանակերտում միակ վայրն է, որտեղ առկա է ֆրանսիական խոհանոց: Լինա Ավանեսյանը շեշտեց, որ կենտրոնը նպատակ ունի պահպանել արմատները. «Դրա վկայությունը մեր «Վերնիսաժն» է, որտեղ գրեթե ամեն ինչ հայկական արտադրության է՝ Ղարաբաղի մարդկանցը: Կենտրոնը ունի «The Roots» անունը, որովհետև նպատակ ունենք համախմբել մեր արմատները և պահպանել ավանդույթները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031