«Բնականաբար, այս շոգ օրերին մաշկի մասին պետք է հոգալ արեւապաշտպան քսուկներով, բայց դրանք էլ պետք է ճիշտ օգտագործել: Հայերը սիրում են հենց ծովում քսել, հետո այրվածք ստացած գալ ու բողոքել, թե՝ «էս ինչ վատ քսուկ էր»: Այդպես չի կարելի: Արեւապաշտպան քսուկը գործում է քսելուց կես ժամ անց, ուստի այն պետք է օգտագործել տանը, հետո՝ դուրս գալ: Բացի այդ, քսուկը պետք է երկու ժամը մեկ թարմացնել»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծովափնյա հանգիստը նախընտրողներին այսպիսի խորհուրդ տվեց մաշկաբան Էմիլ Միրզոյանը:
«Չափավոր արեւայրուքը գեղեցիկ է եւ առողջարար, բայց այն չարաշահել չի կարելի: Չի կարելի արեւայրուք ստանալ 12-14:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ արեւի ուղիղ ճառագայթում է տեղի ունենում»,-նկատեց մասնագետը:
Նա խորհուրդ տվեց շոգ օրերին կրել թեթեւ հագուստ, ցանկալի է՝ ոչ սինթետիկ կտորից. «Ճիշտ է բաց գույների հագուստ կրել, որպեսզի արեւի ճառագայթներն անդրադառնան»: Միրզոյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ շատ երեխաներ այս եղանակին նախընտրում են Երեւանի ջրավազաններն ու լողավազանները. «Նման վայրերում ինֆեկցիաների եւ սնկային հիվանդությունների վտանգ կա: Ճիշտ է խուսափելն այդ վայրերում լողանալուց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ